ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը կարող է կին լինել. Reuters


Reuters-ը, հղում անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի համատեղ նամակին, հաղորդում է, որ ՄԱԿ-ում պաշտոնապես մեկնարկել է հաջորդ գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը։ Անդամ պետություններին առաջարկվել է առաջադրել թեկնածուներ՝ այդ պաշտոնի համար: 


Փաստաթղթում ասվում է, որ ոչ մի կին երբևէ չի զբաղեցրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, և այդ կապակցությամբ անդամ պետությունները «համառորեն խնդրում են դիտարկել կանանց՝ որպես թեկնածուներ առաջադրելու հնարավորությունը»: Նամակի հեղինակները գլխավոր քարտուղարի ընտրության հարցում կարևորել են տարածաշրջանային բազմազանությունը:


Reuters-ի տվյալներով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հրապարակայնորեն հայտարարված թեկնածուների թվում են Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետը, Կոստա Ռիկայի նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպենը և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին:


ՄԱԿ-ի ներկա գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն այդ պաշտոնում ընտրվել է 2017 թվականի հունվարի 1-ին, իսկ 2021 թվականի հունիսի 18-ին՝ վերընտրվել: Նրա ժամկետը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։

Leave a Comment