Ծանրամարտի ֆեդերացիայի կոշտ արձագանքը՝ Գյումրու քաղաքապետարանին — Armsport.am

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հանդես է եկել խիստ հայտարարությամբ՝ ուղղված Գյումրու քաղաքապետարանին։ Ֆեդերացիան պաշտոնապես դատապարտում է ազգային հավաքականի անդամների, ծանրորդների և մարզիչների անունները քաղաքական կամ քրեաիրավական գործընթացներում շահարկելու փորձերը։

Ըստ ֆեդերացիայի՝ նման գործողությունները վնասում են հայկական սպորտի հեղինակությանը և ստեղծում են կեղծ տպավորություն, թե մարզական համայնքը պաշտպանում է իրավական խնդիրներ ունեցող անձանց, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Կառույցը կոչ է անում անհապաղ դադարեցնել նման գործելաոճը։

ՀԾՖ-ի գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան կոչ է անում զերծ մնալ ծանրորդների`ազգային հավաքականի անդամների անուններն այս կամ այն քաղաքական շահարկումների առիթ դարձնելուց:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան բարձր գնահատելով մեր մարզիկների ու մարզիչների` տարիներով կառուցած հեղինակությունը, պարտավոր է արձագանքել Գյումրու քաղաքապետարանի վերջին հրապարակմանը:

Ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ մեր մարզիկների, մարզիչների ու սպորտային գործիչների անունների օգտագործումը՝ որևէ քրեաիրավական գործընթացում ներգրավված անձի պաշտպանությունն ապահովելու նպատակով՝ լիովին անընդունելի է և վնասում է հայկական սպորտի հեղինակությանը։

Այսպիսի գործողությունները կարող են ստեղծել կեղծ տպավորություն, թե մարզական համայնքը ներգրավված է կամ ներգրավվում է որոշակի անձանց անձնական կամ իրավական խնդիրների լուծման մեջ, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան կոչ է անում դադարեցնել ծանրորդների ու մարզիչների անունների որևէ ձևով օգտագործումը քաղաքական, անձնական կամ քրեաիրավական նպատակներով»,- գրված է հայտարարության մեջ։

Leave a Comment