Աղբը «արտադրվում է» ըստ բնակչի՞, թե՞ ըստ մակերեսի. ինչպես կազդի աղբահանության վճարի նոր հաշվարկը քաղաքացու գրպանի վրա

Երևանի ավագանին տարվա վերջին նիստում հաստատել է մի որոշում, որով փոփոխություններ են նախատեսվում նաև աղբահանության վճարների հաշվարկի մեխանիզմում։ Մասնավորապես, 1 բնակչի դիմաց 200 դրամ գործող սկզբունքի փոխարեն, կգործի բնակելի 1 քառակուսի մետրի դիմաց 13 դրամ հաշվարկի  մեխանիզմը։

Այդ փոփոխությամբ բնակարանների դեպքում վճարը միջինը 80, իսկ անհատական բնակելի տան դեպքում՝ 180 դրամով կավելանա։ Քաղաքային ընդդիմությունը ահազանգում է՝ սա հերթական թանկացումն է, մինչդեռ մայրաքաղաքում աղբահանության չլուծված խնդիրներ շատ կան։

Մի քանի օրից մայրաքաղաքի բնակիչները աղբահանության վճարի համար նոր հաշվարկ պիտի անեն։ Եթե նախկինում չափման միավորը բնակիչների թիվն էր, ապա 2025թ հունվարի 1-ից  հաշվարկի հիմքը կլինի բնակարանի մակերեսը։ Տարվա վերջին նիստում Երևանի ավագանին սահմանել է 2025թ տեղական վճարների դրույքաչափերը ու փոփոխել նաև հաշվարկի եղանակը։ 2025թ-ից երևանցիները աղբահանության համար կվճարեն 1քմ-ի համար 13 դրամ հաշվարկով։ Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը պնդում է՝ սա թանկացում է․

«Պարոն Ավինյան, կարծում եմ՝ դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ, որովհետև հիմա, եթե նույնիսկ ես մինիմալ բնակարանը հաշվարկեմ 30քմ-ով և բազմապատկեմ 13-ով դա նշանակում է կրկնակի թանկացում, եթե մի հոգի է ապրում այդ բնակարանում, որովհետև 200 դրամից դառնում է 390 դրամ»,-ասում է Գրիգորյանը։

Քաղաքապետը որակմանը չի արձագանքում, փոխարենը քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանն է սեփական հաշվարկները ներկայացնում․ քաղաքային իշխանության հաշվարկով էլ բնակարանների համար հաջորդ տարվանից թանկացումը միջինը 80 դրամ կլինի, իսկ անհատական բնակելի տան դեպքում՝ 180 դրամ։

«Միջինում 1 սենյականոց, 35 քմ մակերես ունեցող բնակարաններում ապրում է 1-3 անձ, այսինքն, եթե այս պահին միջինում 2 անձի համար վճարվում էր 400 դրամ, արդեն 35քմ միջինացված դրույքաչափի համապատասխան վճարումը կկատարվի 455 դրամ։ Այդ նույն սկզբունքով 2 սենյականոց բնակարանի համար միջինում 600 դրամի փոխարեն 689 դրամ, 900 դրամի փոխարեն 975 դրամ, 1200 դրամի փոխարեն 1287 դրամ»։

Այլ կերպ ասած, եթե ընտանիքը, օրինակ, 4 հոգով ապրում է 80քմ մակերես ունեցող բնակարանում և նախկին գործող կարգով 800 դրամ էր վճարում աղբահանության համար, ապա հաջորդ տարվանից վճարը կդառնա 1040 դրամ։ Փոփոխությունն ավելի շեշտակի կլինի, եթե մեծ մակերես ունեցող բնակարանում 1-2 անձ է ապրում, օրինակ, 60 քմ մակերեսով բնակարանի աղբահանության դիմաց նախկին 400 դրամի փոխարեն, երկու հոգանոց ընտանիքը հունվարի 1-ից հետո կվճարի 780 դրամ։

«Այսինքն, մեծ ընտանիքը փոքր բնակարանում է ապրում, բնականաբար լավ պայմաններից չէ, այսինքն, գոնե իրենք աղբահանության ավելի քիչ վճար կվճարեն, իսկ ավելի լավ պայմաններում բնակվողը, բնականաբար, մի փոքր ավելի շատ կվճարի»,-բացատրում է քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը։

Հակոբյանն էլ հիշեցնում է սա նոր մոտեցում չէ՝ մինչև այս պահը գործող կարգով քառակուսի մետրով հաշվարկվում էր ոչ բնակելի նշանակության շենք-շինությունների աղբահանության վճարը, հաջորդ տարի այս մոտեցումը կկիրառվի նաև բնակելի շինությունների դեպքում։ Քաղաքապետարանի պաշտոնյային ավագանու անդամն է հակադարձում․ Հայկ Գրիգորյանի համար անհասկանալի է, թե ինչու է աղբահանության հիմքում ոչ թե աղբ գեներացնող մարդկանց թիվը այլ քառակուսի մետրը դրվում։

«Իմ ունեցած տեղեկություններով, աղբը միշտ գանձվում է ըստ աղբ առաջացնող սուբյեկտների, այսինքն, ըստ բնակիչների, ոչ թե քառակուսի մետրի, քառակուսի մետրը աղբ չի գեներացնում»։

Վճարի հաշվարկի փոփոխությանը զուգահեռ մայրաքաղաքում աղբահանության վիճակը չի փոփոխվում՝ կարծում է ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը։ Օդի աղտոտվածություն, փոշու առկայություն ու սանիտարական վիճակ՝ սրան զուգահեռ, Վարդանյանի կարծիքով, դրույքաչափի փոփոխությունը անտրամաբանական է։

«Առաջին հերթին պետք է մայրաքաղաքում աղբավայրի խնդիրը լուծել, որովհետև այստեղ անընդհատ լինում են բռնկումներ, որը պայմանավորված է գործող աղբավայրի խորքերում ընթացող քիմիական ռեակցիաներով, այսինքն, աղբահանության հետ կապված հարցերը պետք է հիմնովին լուծել։ Մենք մայրաքաղաքում անվերջ ավելացնում ենք հավաքարարների քանակը, բայց այդ մակարդակով միլիոնանոց քաղաքում հնարավոր չէ աղբահանություն իրականացնել, և պարզ է, որ այսպես մենք չենք հասնի այն արդյունքին, որը որ պետք է»,-կարծում է Վարդանյանը։

Ոլորտային խնդիրները հանարվոր է լուծել նաև առանց դրույքաչափի կամ վճարների փոփոխության՝ կարծում է Քրիստինե Վարդանյանը։ Ըստ նրա՝ պարզապես պետք է ավելի գրագետ ու օպտիմալ կառավարել համայնքային բյուջեն։

Source link

Leave a Comment