Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, այսօր կայացել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գործով նախնական դատալսումները։ Դատական նիստի մեկնարկին Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց, որ մեղադրական եզրակացությունը չի ստացել, ապա՝ միջնորդեց վերադարձնել առգրավված իր անձնական իրերը, այդ թվում՝ մեքենան, հեռախոսը, համակարգիչը և անձը հաստատող փաստաթղթերը։ Նշված անձնական իրերը գործով ճանաչված չեն որպես իրեղեն ապացույց։
Բացի այդ, անձը հաստատող փաստաթղթի բացակայության պատճառով փաստաբանը զրկված է նաև մեղադրական եզրակացությունը ստանալու, ՔԿՀ-ներում որպես պաշտպան իր պաշտպանյալին տեսակցելու հնարավորությունից։ Դատարանը միջնորդությունը բավարարեց։ Նկատի ունենալով, որ Կոչուբաևը չի ստացել մեղադրական եզրակացությունը՝ դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 12-ին, ժամը 11։00-ին։
Հիշեցնենք, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակակվել է հոկտեմբերի 16-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրի մոտից՝ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստից հետո, ընդ որում, ԱԱԾ-ն փաստաբանի ձերբակալությունն իրականացրել է անհամաչափ ուժի գործադրմամբ՝ դիմակավորված վիճակում և գետնին պառկեցնելով։ Պարզվել է, որ փաստաբանի ցուցադրական ձերբակալության պատճառը եղել է նրա ֆեյսբուքյան գրառումը, որում փաստաբանը կոշտ քննադատել էր իրավապահներին՝ Մկրտիչ Սրբազանի կալանավորման համար։ Կոչուբաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, հոկտեմբերի 17-ին՝ վաղ առավոտյան, հրապարակեց Կոչուբաևին երկու ամսով կալանավորելու որոշումը։ Այլ խոսքով՝ ՀՀ-ում փաստաբանը կալանավորվել էր խոսքի համար, ընդ որում, ձերբակալվել՝ ցուցադրաբար, ինչը մտահոգություններ է առաջացրել մասնագիտական համայնքում։ Փաստաբանի խափանման միջոցը փոխվել է հոկտեմբերի 28-ին։