«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 2025 թվականի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական 10-րդ հոբելյանական մրցանակը շնորհել է բժիշկ Ջամալ Էլթայեբին, տեղեկացրել են նախաձեռնությունից։
Միջոցառումը տեղի է ունեցել Նյու Յորքի Էլիս կղզում։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 1 մլն ԱՄՆ դոլար պարգևը շնորհել է Էլթայեբին՝ հակամարտության գոտում մարդկանց բուժօգնություն տրամադրելու բացառիկ խիզախության և նվիրումի համար։
Սուդանի քաղաքացիական պատերազմի պայմաններում Էլթայեբը շարունակում է բաց պահել Օմդուրմանի «Ալ Նաո» հիվանդանոցը՝ պահպանելով համայնքի համար կենսական նշանակություն ունեցող բուժօգնությունը։ Նշվում է, որ նրա անձնուրաց գործունեությունը մարմնավորում է տոկունությունն ու մարդկայնությունը ամենադժվար իրավիճակներում։
Էլթայեբն ընտրվել է ավելի քան 800 թեկնածուից և պարգևը կօգտագործի իր մարդասիրական ծրագրերը զարգացնելու համար։
Սուդանում պատերազմն սկսվել է 2023 թվականի ապրիլին՝ Սուդանի զինված ուժերի և արագ արձագանքման ուժերի (RSF) միջև՝ մայրաքաղաք Խարթումից մինչև Դարվուր տարածք տարածված բախումներով։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է, ով 2023-ից գերեվարվել է ադրբեջանցիների կողմից ու ապօրինի պահվում է Բաքվի բանտում։ Նրան ցմահ ազատազրկում է սպառնում ադրբեջանական դատախազության կողմից առաջադրված շինծու մեղադրանքներով:
Նոյեմբերի 4-ին Վարդանյանը ադրբեջանական բանտից ուղերձ էր հղել՝ նշելով, որ, գտնվելով Բաքվում՝ ավելի քան երբևէ ոգեշնչված է «Ավրորա»-ի դափնեկիրներով։
Կարդացեք նաև՝
Կարդացեք նաև՝ Արարել, ներել և զոհել ազատությունը հանուն Արցախի․ Ռուբեն Վարդանյանը 57 տարեկան է
