Փաշինյանն ասել է, որ Էրդողանին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2026թ.-ի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ նշելով, որ վերջին այցի ժամանակ նախագահ Էրդողանին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2026թ.-ի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
«Վերջին տարիներին նախագահ Էրդողանի հետ մենք շատ հաճախ ենք հանդիպում։ Ես երկու անգամ Թուրքիա եմ այցելել, ընդ որում՝ վերջին անգամ՝ առաջին անգամ աշխատանքային այցով։ Այդ այցը շատ հաջող եմ համարում, և այդ այցի ընթացքում նաև նախագահ Էրդողանին հրավիրել եմ մասնակցելու 2026թ.-ի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին», – ասել է Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ ճիշտ չի լինի, որ ինքը մեկնաբանի Թուրքիայի նախագահի այցելելու հնարավորությունը․
«Պարզապես կարող եմ ասել, որ պաշտոնապես հրավիրել եմ և հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի», – նշել է նա։
Վարչապետի հայտնել է, որ Հայաստան- Թուրքիա հարաբերությունները գտնվում են ճիշտ ուղու վրա՝ վերահաստատելով նախկինում արած հայտարարությունը, որում ասել է, թե Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը ժամանակի հարց է։