Մինչև անցած կիրակի օրը տեղի ունեցած «պատարագը» կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը փոխել էր եկեղեցու բանալիները. դե եղել է իր կարգալույծ հռչակվելուց 1 կամ 2 օր հետո։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Հովհաննավանքի քահանա տեր Սարգիսը։
«Միայն իրենք ունեն բանալին, առավոտ շուտ Ստեփան Ասատրյանը գալիս բացում է, իրիկունը փակում է եկեղեցին։ Այն ժամերին, որ եկեղեցին պիտի բաց լիներ, այդ ժամերին բաց է լինում, բայց մենք բանալի չունենք մեզ մոտ։ Ընդհանրապես մեր եկեղեցում բանալին մոմավաճառների մոտ էր, իրենց վրա էր այդ պարտականությունը դրված, իրենք պիտի առավոտյան բացեին, մաքրեին, պատրաստեին, երեկոյան էլ մաքրում էին, դուրս էին գալիս։ Հիմա մոմավաճառը չունի բանալի։
Մայր աթոռին տեղյակ ենք պահել, սպասում ենք իրենց հրահանգներին։ Գիտեք, որ մեր փաստաբանը դիմել էր, որ ոստիկանները գային իրավական կողմով աջակցությունը ցույց տային, բայց իրենք չեկան և հիմա սպասում ենք, տեսնենք ինչպիսի իրավիճակ կլինի»,– ասաց Տեր Սարգիսը՝ հավելելով, որ ոստիկանությունը շարունակում է ծառայություն իրականացնել եկեղեցու մոտ և Ստեփան Ասատրյանի աջակիցներից էլ մի քանի հոգի կային այնտեղ։
«Անհաճո իրավիճակ է էլի։ Իրենք մոտեցան ինձ, հարցրին, թե դու էլ ես կարգալույծ համարում Տեր Արամին, ես էլ ասացի՝ իհարկե, Մայր Աթոռի որոշումը մեզ համար օրենք է, ես էլ նույն ձևով իրեն կարգալույծ եմ համարում և չեմ պատրաստվում իր հետ աղոթքի կանգնել։ Իրենք էլ ասեցին՝ դե ուրեմն մենք չենք ուզում, որ դու այստեղ աղոթքի կանգնես»,– ընդգծեց Հովհաննավանքի քահանան։