Դուք տեսա՞ք՝ ինչ հոծ բազմություն էր հավաքվել Հովհաննավանքում, ես վստահ եմ, որ սա շարունակական է լինելու. Հասմիկ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը

– Տիկի՛ն Հակոբյան, ընդդիմադիրների, հասարակական տարբեր գործիչների բնորոշմամբ` իշխանություն-Եկեղեցի հարաբերություններում առկա լարվածությունը գնալով ավելի է խորանում, ըստ նրանց, դա նաև վերածվում է հակամարտության՝ նկատի ունենալով այն, որ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցեց կարգալույծ քահանայի մատուցած պատարագին։ Հնչող գնահատականների հետ համակարծի՞ք եք։

– Կխնդրեմ չասեք իշխանություն-Եկեղեցի լարվածություն կամ հակամարտություն, որովհետև իշխանությունը չունի հակամարտություն Եկեղեցու հետ։ Հակամարտություն կարելի է ձևակերպել որոշ եկեղեցականների, այդ թվում՝ Կտրիճ Ներսիսյանի հետ կապված, իսկ մենք մեր կրոնի, Եկեղեցու հետ չենք կարող որևէ հակամարտություն ունենալ, ընդհակառակը՝ մենք բարձրաձայնում ենք խնդիրներ, որոնց լուծումը միտված է Եկեղեցին առողջացնելուն ու Եկեղեցում առկա արատավոր երևույթները մաքրելուն։ 

Հետևաբար ես համակարծիք չեմ բոլոր այն մեկնաբանություններին, որոնք հնչում են, կա լարվածություն որոշ անհատների հետ կապված, անգամ հասարակության մեջ շատ են մարդիկ, որոնք համաձայն են մեր բարձրաձայնած հարցերին, իսկ այն բոլոր հոգևորականները, որոնք իրենց բարեվարքությամբ չեն համապատասխանում եկեղեցական իրենց կոչումներին, պետք է դուրս գան Եկեղեցուց։ 

– Շատերը նշում են, որ դա բնավ իշխանության գործը չէ, Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծեն եկեղեցականները, այլ ոչ թե իշխանության ներկայացուցիչները, ինչը նաև ամրագրված է Սահմանադրությամբ։ Իշխանությունը այս կերպ չի՞ խախտում Սահմանադրությամբ ամրագրված նորմերը։ 

– Մենք Վազգեն Գալստանյանի նման մտե՞լ ենք հոգևոր դաշտ ու պատարագներ ենք մատուցում ու ասում՝ մե՞նք ենք Եկեղեցին, չէ, չէ՞, բայց հակառակ կողմում դուք տեսել եք, երբ նա հայտարարեց, որ ինքը վարչապետի թեկնածու է ու մարդկանց առաջարկեց գնալ իր հետևից, որպեսզի իշխանությանը հեռացնի։ Այսինքն՝ շատ ակնհայտ է՝ ով ում գործերին է խառնվել, մենք չենք ասել՝ մենք ենք հոգևորականը, եկեք մենք պատարագ կմատուցենք։ Մենք որպես քրիստոնյա ասում ենք, որ մեզ համար սա անընդունելի է։ Այո՛, Սահմանադրությամբ ամրագրված է, որ կողմերը չպետք է խառնվեն մեկը մյուսի գործերին, բայց Եկեղեցին ուղիղ խառնվել է քաղաքականությանը, ավելին՝ կոնկրետ հայտ է ներկայացրել՝ լինել վարչապետ։ 

– Տիկի՛ն Հակոբյան, ձեր ընդդիմախոսներն էլ ասում են, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ միջամտում է Եկեղեցու ներքին գործերին, արդեն կարգալույծ հռչակված քահանայի մատուցած պատարագին է մասնակցում, բայց Վեհափառի կողմից մատուցվող պատարագներին չի մասնակցում։ Ասում են, որ իշխանությունը երկրորդ Եկեղեցի է ստեղծում Հայաստանում։

– Կտրիճ Ներսիսյանը չի համապատասխանում իր կոչմանը, որովհետև խախտել է իրենց կանոնակարգը, հետևաբար չի կարող լինել այն պաշտոնում, որում է, իսկ Տեր Արամին կարգալույծ է արել մի մարդ, որը չի կարող այդտեղ լինել, մի մարդ, որը տանել չի կարողանում այլակարծությունը։ Տեր Արամը չի կիսել նրա քաղաքական հայացքները, դրա համար էլ կարգալույծ է հռչակվել, ո՞վ էր կասկածում, որ նրան կարգալույծ կանեն։ Էլի քահանաներ ունենք, որ չեն կիսում Կտրիճ Ներսիսյանի քաղաքական հայացքները, ու ես չեմ կասկածում, որ նրանք էլ են կարգալույծ արվելու։ 

Այս տարբերությունները հասկանո՞ւմ եք, դրա համար էլ Տեր Արամը շարունակում է մնալ այն հոգևորականը, որին հաճելի է լսել, ես ուզում եմ լսել Տեր Արամին, եթե ինչ-որ մեկը չի ուզում լսել, թող չգա ու չլսի։ Հիմա ես չեմ ուզում լսել կաթողիկոսի մատուցած պատարագը, չեմ էլ գնում ու չեմ լսում նրա մատուցած պատարագը, ես լսում եմ Տեր Արամին։ Դուք տեսա՞ք, թե ինչ հոծ բազմություն էր հավաքվել Հովհաննավանքում, ես վստահ եմ, որ սա շարունակական է լինելու։

– Այդ դեպքում համաձայն չե՞ք, որ ստացվում է՝ ունենում ենք զուգահեռ Եկեղեցի։

– Ո՛չ, Եկեղեցին ու հավատքը մեկն է, ուղղակի Կտրիճ Ներսիսյանը պետք է հասկանա, որ սա շարունակական է լինելու, այլ հոգևորականներ ևս միանալու են, հասկանալու են, որ Կտրիճ Ներսիսյանը այլևս այն բեսպրեդելշչիկը չէ։ Կտրիճ Ներսիսյանը մնալու է իր կենսակերպը կիսող հոգևորական կոչվողների հետ ու ի վերջո ինքնակամ ազատելու է Վեհարանը։ 

– Իշխանությունը ա՞յդ կերպ է պատկերացնում Վեհարանի, ինչպես դուք եք ասում՝ ազատագրումը։

– Իշխանությունը պատկերացնում է, որ այլ տարբերակ չկա, քան այն, որ Կտրիճ Ներսիսյանը հասկանա ու հեռանա, անհնար է, որ նա չհասկանա ու չհեռանա, այս ամենը թափ է հավաքելու, նա չի կարող կաթողիկոս լինել։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Leave a Comment