Ի վերջո ո՞ւմ սեփականությունն է Հովհաննավանքը. Կադաստրի կոմիտեի ղեկավարի պարզաբանումը

Խորհրդային Միության փլուզումից հետո հողի սեփականատեր հանդիսացել է բացառապես Հայաստանի Հանրապետությունը, և  ՀՀ կառավարությունն ու օրենսդիր մարմինն են որոշել, թե հողերի բաշխումը ոնց է տեղի ունենալու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

«Հովաննավանքի և՛ շենքի, և՛ հողամասի վերաբերյալ եղել են կառավարության որոշումներ, և բացառապես այդ որոշումներն են հիմք հանդիսացել, որ այդ անշարժ գույքը փոխանցվել է Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն»,-ասաց նա։

Ճշգրտող հարցին՝ Հովհաննավանքն ի վերջո  ո՞ւմ սեփականությունն է՝ եկեղեցո՞ւ, թե պետության, Սուրեն Թովմասյանը նշեց, որ չի հիշում, քանի որ հնարավոր է՝ օգտագործման իրավունքով է փոխանցված եկեղեցուն։

«Էլի եմ ասում՝ կարող է շինությունն է սեփականություն գրված, բայց հողն այլ կարգավորումների է տրվում։ Դրա համար եմ ասում՝ եթե հետաքրքիր է, կարող ենք ուսումնասիրել և դետալային պատասխանել»,- ասաց նա։

Հաջորդ հարցին՝ ՀԱԵ-ն հարո՞ւստ կառույց է, պաշտոնյան պատասխանեց՝ բավականին. եկեղեցու տիրապետության տակ շուրջ  600 կամ 700 միավոր անշարժ գույք կա։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ազատված է արդյոք ՀԱԵ-ն գույքահարկից։ Կադաստրի կոմիտեի ղեկավարն ի պատասխան նկատեց՝ ըստ օրենսդրության՝ առկա են եկեղեցապատկան այնպիսի օբյեկտներ, որոնք ազատված են գույքահարկից և հողի հարկից, բայց կան նաև այնպիսի գույքեր, որոնք որ վճարում են այդ հարկը»։

Նա կրկին խոստացավ պատասխանել Հովհաննավանքի սեփականության մասին հարցին, եթե դիմեն գրավոր։

Leave a Comment