Լուվրի գողությունից հետո նոր հափշտակություն՝ Դիդրոյի թանգարանում – Armenia Today

Ֆրանսիայում մեկ օրվա տարբերությամբ տեղի ունեցած երկու մշակութային գողությունները ցնցել են հանրությանը․ Փարիզի Լուվր թանգարանից գողացված Ֆրանսիական թագավորական զարդերից ընդամենը ժամեր անց կողոպտիչները ներխուժել են ևս մեկ թանգարանին՝ այս անգամ Դենի Դիդրոյին նվիրված «Լույսերի տուն» (Maison des Lumières) թանգարանին, հայտնում է BBC-ն։ 

Թանգարանը, որը գտնվում է Լանդր քաղաքում՝ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում, դարձել է հարձակման թիրախ։ Երբ երեքշաբթի առավոտյան աշխատակիցները վերադարձել են աշխատանքի, նրանք նկատել են կոտրված ցուցափեղկ և անմիջապես ահազանգել ոստիկանությանը։

Ըստ տեղական իշխանությունների՝ հափշտակել են շուրջ 2000 ոսկե և արծաթե մետաղադրամ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 90,000 եվրո (104,000 դոլար)։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ գողացված իրերն «ընտրվել են մեծ փորձագիտական գիտելիքով», ինչը ենթադրում է, որ գործողությունը մանրամասն պլանավորված էր։

Այս դեպքը դարձել է վերջինն այն մշակութային գողությունների շղթայում, որոնք վերջին շրջանում տեղի են ունենում Ֆրանսիայի տարբեր թանգարաններում։

Անհայտ անձինք հոկտեմբերի 19-ի առավոտյան թալանել էին Փարիզի Լուվր թանգարանը: Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ հանցագործները մտել էին Ապոլլոնի պատկերասրահ, որտեղ պահվում են Ֆրանսիայի թագավորական գանձերի թանկարժեք զարդերը։ Ըստ ոստիկանության՝ կողոպուտը տեղի էր ունեցել տեղական ժամանակով առավոտյան 9:30-ին, երբ թանգարանն արդեն բաց էր այցելուների համար։

Իրավապահները Լուվրից գողության երկու վարկած են քննարկում․ Լուվրի կողոպուտն իրականացրել է կազմակերպված հանցավոր խումբ՝ կա՛մ պատվիրատուի հանձնարարությամբ, կա՛մ գումարի լվացման նպատակով։ 

Leave a Comment