ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմը հույս ունեն, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ուկրաինական խաղաղության գործընթացի շուրջ հանդիպումը դեռ կկայանա ապագայում, հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիտը։
«Երկու առաջնորդների միջև հանդիպումը լիովին չի բացառվում։ Կարծում եմ՝ նախագահը և ամբողջ վարչակազմը հույս ունեն, որ դա կարող է տեղի ունենալ մի օր, բայց մենք ուզում ենք վստահ լինել, որ հանդիպումը կունենա շոշափելի, դրական արդյունք», – ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Լևիտը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև հեռախոսազրույցը միակ պատճառը չէր, որ Թրամփը որոշեց, որ հիմա Պուտինի հետ հանդիպելու ժամանակը չէ։ Նա ընդգծել է, որ Ռուբիոյի խոսքով՝ զանգն արդյունավետ էր։
Սպիտակ տան խոսնակը հիշեցրել է, որ Թրամփը վաղուց էր իր դժգոհությունը հայտնել ուկրաինական հակամարտության երկու կողմերի դիրքորոշումների վերաբերյալ։
Ավելի վաղ ամերիկացի նախագահը հայտարարել էր, որ չեղարկել է Բուդապեշտում Պուտինի հետ նախատեսված հանդիպումը։
