Վերջերս ԵԽԽՎ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․
«Մի շարք համայնքներում հաղթել են ընդդիմադիր կուսակցություններ, ինչը 2018-ից առաջ անհնար էր»։
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին բերման ենթարկվեց, իսկ մեկ օր անց կալանավորվեց Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Իսկ կա՞ ընդդիմադիր համայնքապետ Հայաստանում, որը չի անցնում քրեական գործերի, իշխանության հարուցած խոչընդոտների միջով։
Վանաձորի, Բերդի, Վարդենիսի, Գորիսի և այլ համայնքապետերի նկատմամբ ի՞նչ արեց իշխանությունը․ հարուցվեցին քրեական գործեր, եղան կալանքներ։
Բազմաթիվ համայնքներում էլ ընդդիմադիր թեկնածուները չեն ընտրվել, քանի որ ՔՊ-ն կարողացել է նոր ընտրություններ կազմակերպել։
Բայց այս ամենը ոչինչ են մեկ այլ դեպքի հետ համեմատած, որն ունեցավ ողբերգական ավարտ․ սպանվեց Փարաքարի ընդդիմադիր համայնքապետը՝ ՔՊ-ի նկատմամբ ջախջախիչ հաղթանակից ամիսներ անց։
Նիկոլ Փաշինյանը միջազգային ամբիոններում, ինչպես նաև հայաստանյան ու ընդհանրապես՝ բոլոր ամբիոններում խոսում է ինչ ուզում է՝ խախտելով ստի ու երևակայության սահմանները, բայց դրանից իրականությունը արդյո՞ք փոխվում է, և արդյո՞ք հայտնվում են հավատացողներ։