Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում երկու խորհուրդ է տվել հին ու նոր, սև ու սպիտակ, նախկին ու ներկա հասկացությունները իրենց հարցազրույցներում մերժող և ժողովրդի միասնությունն ու համախմբումը որպես իրենց քաղաքական ցանկություն և քաղաքական կուրս ներկայացնողներին:
«Նոր» լինելը խոշոր հաշվով ռեալ պոլիտիկում ոչինչ չի նշանակում: Երբ դուք մերժում եք սև-սպիտակը, նախկին-ներկա բաժանումը, որպես քաղաքական կատեգորիա, բայց երկու նախադասություն հետո ինքներդ եք ընկնում թակարդը, երբ ստիպված սկսում եք հերքել նախկինների հետ ասոցացիան և համագործակցության հնարավորությունը, հիշեք մեկ հանգամանք: Նախ քաղաքականության մեջ ոչինչ մի մերժեք, եթե դա ձեր սկզբունքային և կատեգորիկ մերժման հորիզոնականներում չէ: Դուք օբյեկտիվորեն առայժմ չեք հասկանում քաղաքականությունից և չունեք այդքան քաղաքական փորձ որքան նախկինները»,-գրել է քաղաքագետը:
Նա հորդորել է չվստահել «սոցիոլոգիային» առավել, քան ռեալ պոլիտիկին:
«Իրական սոցիոլոգիաները չեն հրապարակվում, դրանք բացառապես աշխատանքային են մնում, հրապարակվում են PR նշանակություն ունեցողները: Մի վախեցեք նախկինների հետ չափավոր և օբյեկտիվ ասոցացումից, որովհետև դե էն «սոցիոլոգիան» նախկիններին իբր ցածր ցուցանիշ է տվել, մեզ չկպնի մենք նոր ենք: Առհասարակ, եթե ձեզանից որևէ բան ներկայացնում եք, ուրեմն եղել եք, աշխատել և արարել եք նաև նախկինում, ինչը նորմալ է, լավ է , ոչ թե ծնվել եք 2018-ից հետո և «նոր» եք»,-գրել է նա:
Մարտիրոսյանը հորդորել է մտահորիզոնից ու բառապաշարից հանել «ապաքաղաքական» բառը:
«Մի՛ օգտվեք Փաշինյանի սերմանած նախկինաֆոբիայից, բայց միաժամանակ բաժանարար գծերի, սև սպիտակի, նախկին ներկայի մերժում ու անընդունելիություն արեք: Դա ձեր վարժությունը չէ, Փաշինյանի մենաշնորհն է, դա ձեզ բացարձակ դիվիդենտ չի բերելու, որովհետև դրա ծրագրային ապահովումը Փաշինյանինն է ոչ ձերը: Էս ժողովուրդը շատ լավ է զգում, որ հարցի պատասխանը ունեք, որինը չունեք, որտեղ եք խաբում, որտեղ խուսափում, որտեղ եք ուզում դուր գալ և որտեղ եք բացարձակ անպատրաստ և անփորձ: Դիվիդենտահավաքությունը արեք բացառապես ձեր հաշվին, ոչ թե նախկինների կամ ներկաների:
Պատրաստվեք վերջնախաղի և ոչ արդյունքների: Վերջնախաղում նախկին ներկա նոր ապագա չկա, ոչ էլ թիվ կա: Կա հարց լուծող և հարց չլուծող:
P.S. Հայաստանում կա մեկ քաղաքական հարց և վերջ: Դուք Հայաստանի Երրորդ Հանրապետության պահապան եք, թե՞ Փաշինյանի անվան Չորրորդ հանրապետության լոյալ ընդդիմություն: Այդ հարցի պատասխանը սկզունքային է և ոչ մի ճկունություն, խոսափում չի ենթադրում»,-գրել է Մարտիրոսյանը: