ՌԴ միգրացիոն քաղաքականությունը խնդրի առաջ է կանգնեցրել հայ վարորդներին. ի՞նչ լուծում կա

Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը նոր խնդրի առաջ է կանգնեցրել բեռնատարների վարորդներին․ առաջ կարող էին տարվա ընթացքում 180 օր գտնվել ՌԴ տարածքում, հիմա՝ 90: Շատերն արդեն հայտնվել են վերահսկվող ռեեստրում, մուտքի արգելք ստանալու վտանգի տակ են:

Բեռնատարների վարորդները երկու օր առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց, այսօր նույնպես այնտեղ էին: Այս անգամ նրանց հաջողվեց խոսել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ: Նախարարը վստահեցրեց, որ բարձրացված հարցերը նորություն չեն և ավելի շուտ են սկսել զբաղվել խնդրով, քան վարորդները հանդիպել են փաստացի խնդրին: «Կոնկրետ հանդիպումներ ենք ունեցել, քննարկումներ կան. ավելին չեմ կարող ասել, որովհետև եթե ասեմ, դա կվնասի ձեզ, ինձ, պետությանը»,-ասաց նա:

Պապոյանը նաև նշեց, որ խնդիրը լուծվելու է ԵԱՏՄ շրջանակում, բայց թե ինչ ժամկետում, դեռ պարզ չէ, պետք է սպասել:

Բեռնատարների վարորդների համբերության բաժակը լցվել է, եթե խնդիրը չլուծվի, նրանք պատրաստվում են փակել ճանապարհները:

ABC Media-ի հետ զրույցում «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ասաց, որ գիտի՝ խնդրով զբաղվում են, ինքն առաջարկել է ԵԱՏՄ շրջանակում հարցը լուծել, քանի որ նման խնդիր ունենք ոչ  միայն մենք, այլև ղազախներն ու ղրղզները:

Բեժանյանն ընդգծեց՝ ինքն առնվազն մեկ տարի է, ինչ խոսում է այդ մասին, բայց մեկ այլ կարևոր խնդիր ևս առանձնացնում է, որի մասին արդարացիորեն նշում են վարորդները: Փաստորեն, իր խոսքից հետո վարորդները մոտեցել են ՌԴ սահմանապահներին և հարցրել, թե արդյոք կարող են խնդիր ունենալ, և պատասխանը եղել է այն, որ այդ օրենքը վարորդներին չի վերաբերում, այսինքն՝ նույնիսկ սահմանապահները տեղյակ չեն եղել: Սա հանգեցրել է նրան, որ իրենց օրերը լրացել են, սակայն սահմանապահի թույլտվությամբ նրանք շարունակում են մուտք ու ելք ունենալ ՌԴ տարածք, բայց ոստիկանությունը, որն այդ օրենքի կիրառողն է, ուղղակի ստուգում է փաստաթղթերը և դնում մուտքի արգելք:  «Այսինքն՝ սահմանապահը խոչընդոտ չի հանդիսանում մուտք գործելու համար, բայց ոստիկանը դնում է մուտքի արգելք», – ասում է Բեժանյանը:

Խոսելով այն դեպքերի մասին, երբ 3 տարվա փոխարեն 5 տարվա մուտքի արգելք են ստացել վարորդները, Բեժանյանը նշեց, որ գրեթե բոլոր տեղերում նշված են նաև ադմինիստրատիվ խախտումների մասին օրենքի 18-ի 8-րդ հոդվածը, որի սանկցիան 5 տարի է, որովհետև այնտեղ կա կա՛մ տուգանք, կա՛մ մուտքի արգելք, իսկ իրենք և՛ տուգանք են դնում, և՛ մուտքի արգելք, այն էլ՝ 5 տարով։

Իսկ թե խնդրի լուծման դեպքում հնարավո՞ր է արդեն մուտքի արգելք ստացած վարորդներին որևէ կերպ օգնել, Բեժանյանը կապում է լուծման տարբերակի հետ:

Փորձագետը նույնպես ժամկետի առումով ոչինչ չի կարող ասել, քանի որ պետք է հաշվի առնել, որ այստեղ ԵԱՏՄ-ն պետք է առաջարկի իր մյուս անդամ երկրին, որ խոչընդոտներ չառաջացնի այլ երկրների ուղևորափոխադրումների և առևտրի համար, և որ դա համաձայնագրի խախտում է: Ըստ դրա՝ անդամ երկրներից մեկը պետք է փոխի իր օրենսդրությունը:

«Նշանակում է, որ ԵԱՏՄ-ի որոշելուց չէ ամեն ինչ կախված, այլ այն հանգամանքից, թե անդամ երկիրը երբ կանի օրենքի այդ փոփոխությունը», – եզրափակեց Բեժանյանը:

Leave a Comment