«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրում ՊՍԺ-ից կրած պարտությունը (1:2)։
«35-րդ րոպեից հետո ՊՍԺ-ն ավելի լավ էր վերահսկում խաղը։ Մեր խաղացողներից մի քանիսը շատ հոգնած էին՝ Պեդրին, Ֆրենկին… բայց բոլորը իրենց ամբողջ ուժով նվիրվեցին։ 1:1 հաշվի պայմաններում մենք պետք է ավելի լավ կազմակերպեինք մեր պաշտպանությունը։ Մենք պետք է սովորենք և կատարելագործվենք։
Երկրորդ խաղակեսում մեզ պակասում էր անհրաժեշտ կազմակերպվածությունը։ Մենք պետք է մարզվենք և կատարելագործվենք․ այսպիսի խաղերը մեզ օգնում են առաջ շարժվել։ Կարևոր է կայուն լինել ամբողջ 90 րոպեների ընթացքում․ ամբողջ թիմը պետք է պաշտպանվի և հարձակվի, օգտագործի բաց տարածքները և մասնակցի վերահսկողությանը։ ՊՍԺ-ում բոլորը գիտեն, թե ինչպես օգտագործել տարածությունները, և մենք շատ բան ունենք սովորելու նրանցից»,– Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Չեմպիոնների լիգայի հաջորդ տուրում «կապտանռնագույնները» տանը կընդունեն հունական «Օլիմպիակոսին»։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով՝ 20:45-ին։