Եթե որդիդ չլիներ, փողոցում գուլպաներ կվաճառեիր․ Ագուերոն և Յամալի հայրը թեժ լեզվակռվի են բռնվել

Համաշխարհային ֆուտբոլի աստղ, մի շարք թոփ ակումբների նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն և «Բարսելոնայի» իսպանացի տաղանդ Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, հայտնվել են սոցիալական ցանցերում աղմկոտ վեճի կենտրոնում։ Այս մասին հայտնում է Tribuna.com-ը։

Հաղորդվում է, որ վեճը սկսվել է այն բանից հետո, երբ Յամալը 2025 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ պարտվելով Ուսման Դեմբելեին։

Այս արդյունքից հիասթափված Նասրաուին այն անվանել է «բարոյական վնաս» և հայտարարել, որ քվեարկության մեջ «ինչ-որ տարօրինակ բան կար»՝ պնդելով, թե հաղթանակին արժանի էր իր որդին։

Այս դիտողություններին ի պատասխան՝ Ագուերոն Լամին Յամալի հորը անվանել է «negro cabeza», որը Արգենտինայում օգտագործվում է, երբ ցանկանում են մեկին անվանել անքաղաքավարի կամ պատկառազուրկ։

«Պարզվում է, որ Լամինի հայրը պարզապես անքաղաքավարի մարդ է»,— գրել է Ագուերոն։

Նասրաուին, իր հերթին, իբր պատասխանել է․

«Իսկ դու ո՞վ ես։ Ավելի լավ է ստուգես՝ արդյոք ամեն ինչ կարգին է սրտիդ հետ, ընկեր, թե չէ հնարավոր է շուտ հրաժեշտ տաս կյանքին, հա-հա»,— ակնարկելով սրտի առիթմիան, որը Արգենտինացու մոտ ախտորոշվել էր 2021 թվականին և ստիպել նրան ավարտել կարիերան 33 տարեկանում, երբ նա պայմանագիր ուներ «Բարսայի» հետ։

Դրանից հետո Ագուերոն, իբր, ավելացրել է․

«Լռիր, մարոկկացի։ Եթե քո որդին չլիներ, դու հիմա փողոցում գուլպաներ կվաճառեիր»։

Նշվում է, որ վեճի իսկությունը դեռևս հաստատված չէ։ Կողմերից ոչ մեկն առայժմ հրապարակավ չի մեկնաբանել իրավիճակը։

Leave a Comment