Անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք սեպտեմբերի 27-ին փակել էին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մուտքը՝ պահանջելով հանդիպում բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաների հետ, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ից, նույն պահանջով ՊՆ-ի դիմաց են։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Ծնողները սեպտեմբերի 27-ին պահանջել էին հանդիպում ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի և ԳՇ պետի նախկին տեղակալ Առաքել Մարտիկյանի հետ։
Անհետ կորածների ծնողներն այսօր հայտարարել են, որ սեպտեմբերի 27-ին ՊՆ-ից իրենց հավաստիացրել էին, որ սեպտեմբերի 29-ին հանդիպում է լինելու վերոնշյալ անձանց հետ։ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Համազասպ Պողոսյանի հայրը՝ Հովհաննես Պողոսյանը, լրագրողներին տեղեկացրել է, որ նրանց հանդիպելու նպատակով են հավաքվել ՊՆ շենքի մոտ։
Ռազմական գերատեսչության շենքի դիմաց, սակայն, ծնողները սկսեցին դժգոհել այն բանից հետո, երբ ՊՆ-ից իրենց առաջարկեցին 3 ծնողի հետ հանդիպում՝ միայն պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի հետ, ինչին նրանք դեմ էին։ Ծնողների դժգոհությունից հետո ռազմական ոստիկանների և ծնողների միջև քաշքշուկ սկսվեց, որից հետո ծնողները փակեցին շենքի մուտքը։ Քաշքշուկից հետո անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացավ, ծնողները շտապօգնություն կանչեցին։
Երբ Ղուկասյանն արդեն ի վիճակի էր խոսել, նա լրագրողներին տեղեկացրեց, որ բազմիցս հանդիպել են Սարգսյանի հետ և նրան հարցեր չունեն։
«Մեզ ասել էին, որ երկուշաբթի մեր ուզած մարդկանց հետ ենք հանդիպելու։ Վստահեցրել էին, բայց տեսանք, որ մանիպուլացրեցին։ Շտաբի աշխատողները փորձեցին ընդհարում սարքել։ Այդ մարդիկ խուսափում են մեզ հետ հանդիպել ու գիտեն, որ չեն կարողանալու դուրս գալ մեր տված հարցերի տակից»,- նշեց Ղուկասյանը։
Պողոսյանն էլ հավելեց, որ ՊՆ-ում իրենց «խաբել են»։
«Հստակ անուններ էինք ասել, որոնց հետ հանդիպում էինք պահանջել, բայց մեզ ստորաբար խաբեցին։ Թող գնան ու մտածեն, որ իրենք իրենց խոսքի տերը չեն»,- ընդգծել է Պողոսյանը։
Մինչև այս պահը ծնողները շարունակում են փակ պահել նախարարության շենքի մուտքը։
Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ 2024-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած է համարվում 1016 մարդ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով, ՔԿ տվյալներով, անհայտ է 195 անձի գտնվելու վայրը, որոնց թվում 20 քաղաքացիական անձ և 175 զինծառայող կա։
Հոդվածը թարմացվել է 17։34-ին։
Կարդացեք նաև՝
