Թռչնամսի մշակման և վերափաթեթավորման արտադրամասը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՍԱՏՄ-ն կասեցրել է «Այգեկ թռչնաբուծական ֆաբրիկա» արտադրամասի արտադրական գործունեությունը։
Ինչպես տեղեկացնում են ՍԱՏՄ-ից, ՀՀ ՍԱՏՄ տեսուչները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Այգեկ գյուղում գտնվող «Այգեկ թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի մշակման և վերափաթեթավորման արտադրամասում:
Այստեղ արտադրամասի սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված նորմերին:
Այսպես՝
– արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը բացառող հոսքայնության հնարավորությունը,
– սարքավորված չի եղել բնական կամ մեխանիկական օդափոխության միջոցներով,
– շինության սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,
– ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
– ենթամթերքի նախապատրաստումը չի իրականցվել առանձին տարածքներում,
– սարքավորումները և գույքը հնարավորություն չի տվել իրականացնել մաքրման և ախտահանման աշխատանքներ,
– սարքավորումների, գործիքների, պարագաների և բեռնարկղերի մի մասը չեն գտնվել նորոգ և մաքուր վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։
Թռչնամսի մշակման և վերափաթեթավորման արտադրամասը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։