ՊԵԿ նախագահը hյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը hյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊԵԿ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային կարգապահության ծրագրերի ակտիվացման, ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգի լավարկման, արհեստական բանականության գործիքների կիրառման, ինչպես նաև հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ իրականացված և պլանավորվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև հարկային եկամուտների կատարողական ցուցանիշներին, ՊԵԿ Թվային հետախուզության լաբորատորիայի լայնամասշտաբ կիրառման ձեռքբերումներին, ինչպես նաև մաքսային վարչարարության բարեփոխումների վերջին զարգացումներին, այդ թվում՝ արտահանման 24/7 ռեժիմի կիրառման, ապրանքների ինքնաշխատ բացթողնման ռեժիմի ներդրման, ռիսկերի կառավարման համակարգի վերանայման ուղղությամբ իրականացված քայլերին։

ՊԵԿ նախագահը կարևորել է ԱՄՀ-ի հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Assessment Tool – TADAT) շրջանակում ՊԵԿ հարկային վարչարարության արդյունավետության գնահատումը՝ այն դիտարկելով որպես կարևոր քայլ հարկային վարչարարության բարեփոխումների գործընթացում։

Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ փոխգործակցությունը և իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված ՀՀ հարկային և մաքսային համակարգերի զարգացմանն ու վարչարարության արդյունավետության բարձրացմանը։

Leave a Comment