Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի նախագիծը շինարարության թույլտվության ստացման փուլում է, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
«Ներկայումս նախապատրաստվում են շինարարությունը մեկնարկելու հետ կապված մրցութային փաստաթղթերը, և մրցույթները հաջողությամբ ընթանալու դեպքում շինարարական աշխատանքները փաստացի նախատեսվում է մեկնարկել 2026 թվականի առաջին եռամսյակում»,- տեղեկացրել են քաղաքապետարանից։
Գերատեսչությունից նաև հայտնել են, որ նախագծային հաշվարկային արժեքը կազմում է մոտ 98 մլրդ դրամ, և շեշտել, որ մրցութային գործընթացների արդյունքում նշված արժեքները կարող են փոխվել։
Քաղաքապետարանից նաև նշել են, որ կայարանի կառուցման նախագիծը ներառում է թունելներ, մետրո-կամուրջ, կայարանային համալիր, ստորգետնյա և վերգետնյա ենթակառուցվածքներ, գծային տնտեսություն, ինչպես նաև ազդեցության ենթակա գույքերի օտարում։ Կառուցման ծրագրով շարժակազմի գնում նախատեսված չէ, նշված է հարցման պատասխանի մեջ:
Հուլիսի 1-ին Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ Մետրոպոլիտենի 11-րդ՝ Աջափնյակ կայարանի նախագծային աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։
2024 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Աջափնյակի մետրոն կսկսեն կառուցել 2026 թվականից։ Մարտի 2-ին ՀՀ կառավարությունը 1 մլրդ 100 մլն դրամ էր հատկացրել նոր կայարանի կառուցման նախագծման աշխատանքների համար: