Պատմական պահ է․ Հանրապետական գործիչը խոսում է քաղաքացու գործոնից

«Հանրապետական» կուսակցությունն ու խորհրդարանում նրա խմբակցությունը՝
«Պատիվ ունեմ»-ը լավ չի հասկանում, թե ինչ է նշանակում սպասել հերթական խորհրդարանական
ընտրություններին ու իմպիչմենտի գործընթացը շարունակում է մնալ իրենց առաջնահերթությունը։
Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական, Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության
ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Շարունակում են սպասել «Հայաստան» խմբակցության արձագանքին։

 

Նկատենք, որ հերթական ընտրություններին մնացել են հաշված ամիսներ՝
ավելի կոնկրետ՝ իննը։ Եվ ահա, 4 տարի 3 ամիս իշխանափոխություն անել չբաշարած ընդդիմությունը
հայտարարում է, թե չպետք է սպասել ընտրություններին ու Փաշինյանին պետք է հեռացնել
իմպիչմենտի ճանապարհով։ Հետո Մամիջանյանն ակնարկում է, որ ստվերային քայլեր են իրականացնում
կառավարող ուժի պատգամավորներից ոմանց իրենց կողմը գրավելու համար․ միայն ընդդիմության
քվեները բավարար չեն իմպիչմենտի համար։ Միաժամանակ հորդորում է Փաշինյանին այդքան հանգիստ
չլինել՝ ակնարկելով, որ ՔՊ խմբակցությունում կան մարդիկ, որոնք պետքն եկած պահին կմիանան
ընդդիմությանը։

 

Համաձայնեք, որ շատ ծիծաղելի իրավիճակ է։ Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն
հասկանում է իրավիճակի անհնարինությունը, սակայն դեմքի շատ լուրջ արտահայտությամբ,
որն ամենաիդեալականը կարող է ընդունել Հայկ Մամիջանյանը, ասում է բաներ, որոնց անգամ
իրենք չեն հավատում։ Ողջ ընդդիմադիր դաշտը՝ այդ թվում ՀՀԿ-ն ու անձամբ Մամիջանյանը
ու անգամ հենց այդ նույն ճեպազրույցում բարձրաձայնում են, որ Վաշինգտոնում ստորագրված
փաստաթղթերը Փաշինյանի ձեռքում հաղթաթուղթ են ընտրություններից առաջ ու միաժամանակ
պնդում, թե իմպիչմենտը հնարավոր է, Փաշինյանն էլ լավ կանի շատ արխային ու հանգիստ չլինի։

 

Այսինքն՝ ընդդիմությունն ու մասնավորապես Հանրապետականը լավ
հասկանում ու ընդունում են, որ վաշինգտոնյան փաստաթղթերը իրոք հաղթաթուղթ են իշխանության
ձեռքին։ Որ իշխանության քաղաքականությունն աշխատել է ու համբերատարությունը, հետևողականությունը,
կամքը, աշխատանքը պտուղներ են տվել ու Փաշինյանն իր թիմով ճիշտ է դուրս եկել՝ անցնելով
այդ ճանապարհը հասել է ռեալ արդյունքի, որը քաղաքացիները, վստահաբար, գնահատելու են։

 

Եվ ուրեմն ինչո՞ւ է Հանրապետականն այսքան անլրջացնում գործընթացը։
Դա երևում է անգամ իրենց վարչապետի թեկնածուի ընտրությունից՝ Մասիս խոշորացված համայնքի
ղեկավար, տխրահռչակ Դավիթ Համբարձումյանի վրա կանգ առնելուց։ Իսկ տպավորությունն այնպիսին
է, որ ՀՀԿ-ն ոչ թե իմպիչմենտի հարց է դրել, այլ պլան մինիմումը արտահերթ ընտրություններն
են։ Որովհետև հասկանում է, որ հերթական ընտրություններում իրենք շանսեր չունեն անգամ
անցողիկ քվեներ հավաքելու։ Նախորդ՝ 2021 թվականի ընտրություններում ՀՀԿ-ն միայն 3 տոկոսին
մոտ քվե էր ստացել և խորհրդարանում հայտնվեց միայն օրենքի ուժով՝ համաձայն որի ԱԺ-ում
առնվազն 3 ուժ պետք է ներկայացված լինի։

 

Այս անգամ արդեն ընդդիմադիր ուժերի հորիզոնում նշմարվում է նաև
ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի՝ Տաշիր Սամոյի պոտենցիալ ուժը, որը «փողի զոռով»
կարող է շրջանցել Հանրապետականին ու վերջինիս դուրս թողնել խորհրդարանական հարթակից։
Իսկ Սամվել Կարապետյանի ուժը, եթե իհարկե ձևավորվի, կարողանա հաջող գրանցվել ու մասնակցել
ընտրություններին, ապա մեծամասամբ հավակնելու է հավաքել ընդդիմադիր քվեներ՝ նվազեցնելով
Քոչարյանի ու Սարգսյանի ուժերի քվեները։ Իսկ արտահերթ, ժամանակից շուտ ընտրությունների
դեպքում ՀՀԿ-ն կարող է հույս ունենալ, որ կկարողանա հաղթահարել անցողիկ շեմը, իր՝ ինստիտուցիոնալ
քաղաքական ուժ լինելու բերումով գոնե։ Իսկ Կարապետյանի ուժը չի հասցնի կատարել «կազմակերպչական»
բոլոր աշխատանքները, որն արդեն իսկ սկսել են ու խոշոր գումարներ նետել «մարտադաշտ»։

 

Իհարկե Տաշիր Սամոն նույն «փողի զոռով» փորձելու է ստանալ նաև
իշխանությունից հիասթափվածների և հատկապես անտարբերների քվեն, բայց սա, ինչպես ասում
են, լրիվ այլ պատմություն է։ Պատմություն, որի դեմն առնելու պարտավորություն ունի ցանկացած
իշխող ուժ, որովհետև վերջինս հանձնառու է անցկացնել թափանցիկ և արդար ընտրություններ
և պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի ընտրությունների արդյունքների վրա կողքից որևէ
այլ ազդեցություններ չլինեն՝ այդ թվում փողի։ Այսպիսի ազդեցություն կամ դրա փորձ տեղի
է ունեցել Մոլդովայի, Ռումինիայի և Էստոնիայի ընտրություններում, երբ կիսաօրինական
կամ անօրինական սխեմաներով փորձ է արվել ազդել ընտրությունների արդյունքների վրա՝ բազմաթիվ
գրասենյակներ վարձակալելով, անթիվ, անհամար աշխատակիցներ վերցնելով, նրանց բարձր «աշխատավարձեր»
վճարելով, որոնք յուրատեսակ ընտրակաշառքներ են։ Վերը նշված երկրներում նաև այլ սխեմաներ
են կիրառվել՝ կանխիկ գումար բաժանելուց, մինչև կրիպտոարժույթով գործարքներ, լրատվամիջոցներ
գնելուց՝ մինչև հանրահավաքներին մարդկանց գումարով բերել, կոմունալներ վճարելուց՝ մինչև
հիվանդանոցային ծախսեր հոգալ և այլն։ Իսկ այդպիսի շարժեր Հայաստանում արդեն սկսել են
նկատվել։

 

Վերադառնալով Հանրապետականին՝ Հայկ Մամիջանյանն ասաց, որ
2026 թվականի ընտրություններին մասնակցելու մասին քննարկումներ չեն էլ ունեցել։ «Մենք
26-ին սպասելու սիրահարների, 26-ի ակումբի անդամներ չենք», – ասաց Մամիջանյանը՝ ընդդիմության
բոստանը քար գցելով ու նշեց, որ վստահությունը, որ ՔՊ-ից որոշ պատգամավորներ միանալու
են իմպիչմենտին գալիս է «ամենակարևոր գործոնից՝ ժողովրդի ուժից, Հայաստանի Հանրապետության
քաղաքացու ուժից»։ Ահա այստեղ ստոպ տվեք՝ Հանրապետականը խոսում է քաղաքացու ուժից,
ձայնից, գործոնից վերջիվերջո։ Իրոք պատմական պահ է։ Հանրապետական գործիչը խոսում է
քաղաքացու գործոնից։ Դրանից վայրկյաններ առաջ Մամիջանյանը նշում էր, որ Հանրապետականի
կառավարման տարիներին բազմաթիվ սխալներ են եղել, բայց դրանք անդառնալի չեն եղել։ Լրագրողները
լուսաբանել են «Մաշտոցի պուրակի» խնդիրը, «Էլեկտրիկ Երևանը» և այլն, բայց «զատո Արցախը
մերն է եղել»։ Քաղաքացու գործոնը կարևորող պատգամավորը մոռացել էր նշել իրենց կառավարման
տարիների ամենագլխավոր «սխալի», եթե չասենք հանցանքի մասին՝ ընտրակեղծարարության, ու
այդ քաղաքացու գործոնն անտեսելու, ոտատակ տալու մասին։ Հիմա, հանկարծ, հիշել են քաղաքացուն
ու իմացել իր տեղը։ Բայց անգամ այստեղ են կեղծում՝ էլի իրենց հատուկ կեղծ, բայց լուրջ
դեմքով։ Քաղաքացու գործոնին ապավինողը չի խուսափում ընտրություններից։ Իսկ ընդդիմությունը
մշտապես չի կարևորել ընտրություններն ու փորձել է իշխանության հասնել ամեն ձևով, բացի՝
ընտրությունների։ Որովհետև գիտեն և հասկացել են՝ ընտրությունների եղանակով, եթե դրանք
չեն անցնում իրենց սովոր ձևով, իրենք զրոյական շանսեր ունեն իշխանություն ստանալու։

 

Վոլոդյա Հակոբյան

Leave a Comment