Սլովակիան աջակցում է Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցությանը. Զելենսկին ու Ֆիցոն հանդիպել են

Սլովակիան աջակցում է Ուկրաինային Եվրամիությանը միանալու ճանապարհին։ Բրատիսլավան պատրաստ է օգնել Կիևին իր փորձով։

Այս մասին հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան-ն`հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը։

Ուժգորոդում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ հանդիպումից հետո Զելենսկին նշել է, որ քննարկվել են մի շարք կարևոր և առանցքային թեմաներ, այդ թվում՝ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը։

«Սլովակիան աջակցում է Ուկրաինային դեպի Եվրամիություն շարժման մեջ։ Սա շատ նշանակալից է։ Նմանապես տեսնում ենք, որ Ուկրաինան և Մոլդովան պետք է շարունակեն միասին շարժվել դեպի Եվրամիության անդամակցություն», – նշել է նա։

Զելենսկին ընդգծել է Ուկրաինայի և Սլովակիայի միջև երկկողմ համագործակցության կարևորությունը տնտեսական, էներգետիկ և ենթակառուցվածքային հարցերում` շեշտելով, ռուսական էներգետիկ ռեսուրսները ապագա չունեն Եվրոպայում։

Բացի այդ`կողմերը փոխանակվել են տեղեկություններով. Զելենսկին Ֆիցոյին պատմել է եվրոպացի առաջնորդների և ԱՄՆ նախագահ Թրամփի միջև տեղի ունեցած զրույցի մասին, իսկ Սլովակիայի վարչապետը՝ Չինաստանում շփումների մասին։

Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան հույսը դնում է Սլովակիայի աջակցության վրա խաղաղության հասնելու ջանքերում, ինչպես նաև «ճիշտ» է անվանել նրա հնարավոր մասնակցությունը անվտանգության երաշխիքներին։

Իր ելույթի ընթացքում Ֆիցոն նշել է «Ուկրաինայի և Սլովակիայի միջև հարաբերություններում բազմաթիվ դրական կողմեր ​​և պրագմատիկ համագործակցություն, չնայած մի շարք հարցերի շուրջ տարաձայնություններին»։

«Լեգիտիմ թիրախներին ռազմական հարվածները նույնպես վնասում են Սլովակիային, և մենք պետք է հաշվի առնենք նաև այլ երկրներին, որոնք միջազգային էներգետիկ ցանցերի մաս են կազմում», – ասել է Ֆիցոն՝ մեկնաբանելով «Դրուժբա» նավթատարի վրա ուկրաինական հարվածները։

Հիշեցնենք, որ օրերս Չինաստանում Ֆիցոն բանակցություններ էր անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment