Ադրբեջանի կառավարության որոշմամբ` Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 2025 թվականի սեպտեմբերի 3-ից կդադարեցնի իր պատվիրակության գործունեությունն Ադրբեջանում։ Այս մասին նշվում է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Այդուհանդերձ, ԿԽՄԿ-ն, համաձայն իր հանձնագրի եւ Ադրբեջանի՝ Ժնևի կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների, շարունակելու է համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ աջակցելու միջազգային մարդասիրական իրավունքով (ՄՄԻ) հովանավորվող անձանց։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ ԿԽՄԿ-ն մտադիր է պահպանել երկխոսությունը մարդասիրական դիվանագիտության, միջազգային մարդասիրական իրավունքի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մարդասիրական այլ խնդիրների շուրջ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հիշեցնում է, որ 1992 թվականից ի վեր ԿԽՄԿ-ն աջակցել է հակամարտությունից տուժած համայնքների հրատապ և կենսական կարիքներին, տրամադրել հոգեսոցիալական աջակցություն տուժած անձանց, իրականացրել կենսական ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր, ինչպես նաեւ խթանել ականների վտանգի մասին իրազեկվածությունն ու ապահով վարքագծի դրսեւորումը զինամթերքով աղտոտված տարածքներում։
ԿԽՄԿ-ն նաեւ աջակցել է իշխանություններին՝ միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ հարգանքն ամրապնդելու եւ հակամարտության առնչությամբ անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու գործում։ «Բացի այդ, մենք այցելել ենք ազատազրկված անձանց՝ վերահսկելու պահման պայմաններն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաեւ նպաստելու պահվող անձանց ու իրենց ընտանիքների միջեւ կապի պահպանմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի սկզբին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փակել Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը, ինչի մասին մարտի 5-ին հայտարարել էր Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավարը։ Ադրբեջանի կառավարության կարծիքով՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տեղական ներկայացուցչի ներկայիս գործունեությունն ավելորդ է։ Կառավարությունը կարծում է, որ ԿԽՄԿ-ի գործունեության համար այլևս որևէ պատճառ չկա։ Ադրբեջանական կողմը նաև հայտարարել էր, թե տվյալներ ունի այն մասին, որ մարդասիրական առաքելության քողի տակ ԿԽՄԿ գրասենյակը իբր «զբաղվել է մաքսանենգությամբ»։ Նշվում էր, թե իբր «Սահմանապահ ծառայությունը (BPS) Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող մեքենաներով տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքների ապօրինի տեղափոխման դեպքեր է հայտնաբերել»։
APA գործակալությունն էլ գրել էր, թե տվյալներ կան նաև այն մասին, որ Կոմիտեի աշխատակիցները, իբր, «Հայաստանի օգտին լրտեսությամբ են զբաղվել»։
Բացի, ԿԽՄԿ-ից, Ադրբեջանի իշխանությունները դադարեցրել են նաև այդ երկրի տարածքում ՄԱԿ-ի չորս գործակալությունների աշխատանքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովը (UNHCR) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF):
Լուսանկարը՝ ԿԽՄԿ կայք էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter