Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը վստահություն է հայտնել, որ Երևանը կկշռադատի բոլոր գործոնները՝ նախքան ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելը, հայտնում է INTERFAX.RU-ն։
Օվերչուկը նշել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու որոշումը պետք է կայացնի բացառապես հայ ժողովուրդը, մինչդեռ բոլոր գործոնները պետք է կշռադատվեն։
«Վերջերս Փաշինյանն ասել է, որ անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ։ Եվ եթե երբևէ նման որոշում կայացվի, ապա վստահ եմ, որ կկշռադատվեն որոշումների կայացման վրա ազդող բազմաթիվ գործոններ այս կամ այն ուղղությամբ», – ասել է նա։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցության անհնարինությունը։
«Երբ գա ընտրության անխուսափելի պահը, մենք կկայացնենք համապատասխան որոշում», – ասել էր նա։
Փաշինյանն ու Օվերչուկը Երևանում քննարկել էին Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
