Հայաստանն Ասիական զարգացման բանկից կստանա 45.3 մլն եվրո առողջապահության ոլորտի բարելավման համար․ Նանուշյան

Հայաստանն Ասիական զարգացման բանկից կստանա 45....

Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվող վարկային համաձայնագրի նախագիծը։

Նրա խոսքով՝ արդյունքահեն վարկային ծրագրի շրջանակում Հայաստանը կստանա 45.3 միլիոն եվրո, որի նպատակն է առողջապահության ոլորտում որակի բարելավումն ու ապահովումը։

Փոխնախարարի ներկայացմամբ՝ ծրագիրը ներառում է մի շարք ուղղություններ՝ առողջապահական ենթակառուցվածքների բարելավում, բժշկական ծառայությունների որակի գնահատում, հաշվետվողականության թվայնացում և ինստիտուցիոնալացում, բժշկական հաստատությունների լիցենզավորման և կարգավորման կատարելագործում, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացում, հեռաբժշկության պիլոտային ծրագրերի իրականացում, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառման ընդլայնում։

Վարկի պայմանների համաձայն՝ գումարը տրամադրվում է 18 տարվա համար․ 7 տարվա արտոնյալ և 11 տարվա մարման ժամկետով։ Տոկոսադրույքը լողացող է, միջինում՝ 3.11%, հավելյալ պարտավորության վճար՝ տարեկան 0.15%։ Ծրագրի կատարման վերջնաժամկետը սահմանված է 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։

Նանուշյանը նշեց, որ մշակվել է յոթ ցուցանիշ, որոնք ամրագրված են տարեկան չափորոշիչներով: «Դրանց իրականացումից հետո միայն հնարավոր կլինի վարկային միջոցների մասնահանումը։ Ծրագրի պատասխանատուն է ծրագրերի իրականացման գրասենյակը, որը յուրաքանչյուր արդյունք պետք է վերիֆիկացնի և ներկայացնի Ասիական զարգացման բանկին»,- ասաց փոխնախարարը:

Leave a Comment