«Ես մի աղոթք ունեմ՝ Աբելի վերադարձի համար». արցախցի Լուսինեն ամեն վայրկյան սպասում է անհետ կորած ամուսնուն

19 սեպտեմբերը ողբերգական օր է Սյունիքի Շինուհայր գյուղի Միրզոյանների ընտանիքի համար, որը միավորել է մի քանի սերունդ։ 1992 թվականի այդ օրը՝ Արցախյան առաջին պատերազմի օրերին զոհվեկ է Հայկ Միրզոյանը։
Գործարանի խաղաղ աշխատողը, ինչպես և խաղաղ մասնագիտությունների հազարավոր այլ ներկայացուցիչներ, զենք են վերցրել Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու համար։ Սգալով ամուսնուն՝ 33 տարեկանում այրիացած Համեստը մեծացրել է դստերը և երկու որդիներին։ Երեք տասնամյակ անց դժբախտությունը կրկին այցելել է ընտանիքին…
«2023 թվականին սեպտեմբերի 19-ին, սկեսրայրիս մահվան տարելիցին, կեսօրին մոտ ամուսինս զանգահարեց։ Մենք սեղան էինք գցում, սպասում էինք գերեզմանոց գնացած հարազատներին։ Ես այնքան էի շտապում, որ չկարողացա լավ խոսել։ Մեկ ժամ անց, կարծես ինչ-որ մեկն ինձ ասաց՝ նայել ֆեյսբուք։ Իսկ այնտեղ… բոլորը գրում էին, որ Արցախում լայնամասշտաբ պատերազմ է սկսվել»,- լրագրողի հետ զրույցում պատմել է Լուսինե Էմիրյանը։
Լուսինեն ինքը Արցախից է, Մարտակերտի շրջանից։ 2006 թվականին ամուսնացել է Աբել Միրզոյանի հետ։ 2022 թվականի վերջին Աբելը, որ մասնագիտությամբ շինարար է՝ անցել է պայմանագրային ծառայության և ծառայել Հաթերքի պաշտպանական հատվածում։
«Միասին պետք է գնայինք Արցախ։ Բայց ես սեմինարի էի մասնակցում, չկարողացա նրա հետ գնալ։ Ես ուզում էի միշտ նրա կողքին լինել, հոգ տանել նրա մասին։ Իսկ նա ինձ էր պաշտպանում, չէր ուզում, որ մենք գնանք իր հետ, ամեն ինչ հետաձգում էր։ Իսկ հետո սկսվեց շրջափակումը… ու պատերազմը։ Անիծվի այդ օրը»,-
Լուսինեն այլևս չի կարողացել կապ հաստատել ամուսնու հետ։ Զանգահարել է իր քրոջը՝ Ալլային, մորը, Հաթերք գյուղ, որտեղ կանայք հաստատել են, որ պատերազմ է։
«Ինչպես էին նրանք Հաթերքից փախչում կրծքի երեխայի հետ, ավելի լավ է նույնիսկ չհիշել։ Գիշերն անցկացրել են ապաստարանում։ Մեկնել են «Կամազ» բեռնատարով՝ տղամարդկանց մասին ոչ մի լուր չունենալով։ Մեծ դժվարությամբ հասել են Ստեփանակերտ։ Քույրս մինչև վերջ հետաձգում էր մեկնումը, փնտրում էր ամուսնուն։ Միայն սեպտեմբերի 29-ին են դուրս եկել Ստեփանակերտից։ Գրեթե առանց իրերի, ավտոբուսով։ Ավելի ուշ պարզվեց, որ քրոջս ամուսինը՝ Էրիկը, գերության մեջ է։
«Մենք ունեինք խաղաղ, երջանիկ կյանք։ Ապրում էինք ազատ երկրում։ Կար մեր սիրելի «Պյատաչոկը» (Ստեփանակերտի տեղամասերից է)», – հիշում է Լուսինեն։ 35-ամյա Լուսինեն երեք երեխա ունի՝ երկու դուստր՝ 17 և 5 տարեկան, և 14-ամյա որդի։ «Կրտսերը հիշում է հորը և հաճախ ասում՝ ես պապայի սրտիկն եմ», – ժպտում է կինը։

Լուսինեն երբեք չի խոսում ամուսնու մասին անցյալ ժամանակով և սպասում է ամեն րոպե, ամեն վայրկյան, սպասում ու աղոթում է. «Երկնքին մեկ միայն մեկ խնդրանք եմ ուղղում՝ որ վերադառնա։ Թեկուզ անառողջ, թեկուզ հիվանդ, բայց կենդանի…»։

Leave a Comment