«Ռուսաստանը պատրաստ է ԱԷԿ-ի հետ կապված Հայաստանին առաջարկել զանազան տարբերակներ». Զախարովա

Ռուսաստանը պատրաստ
է Հայաստանին առաջարկել ատոմային էներգիայի զարգացման զանազան տարբերակներ՝ փոքր
մոդուլային ռեակտորներից մինչև նոր խոշոր կայանի կառուցում
՝ հիմնված ստուգված և հուսալի տեխնոլոգիաների վրա։ Այս մասին
հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսնում ենք
հայկական կողմի հետաքրքրվածությունը խաղաղ ատոմի ոլորտում համագործակցությունը
շարունակելու հարցում։ Մեծամորի ԱԷԿ-ի հիմնադրումից ի վեր կես դար շարունակ մեր
մասնագետները սերտորեն փոխանակվել են փորձով»,- ընդգծել է Զախարովան։

Նրա խոսքով՝
ներկայումս «Ռոսատոմը» իր հայ գործընկերների հետ համատեղ աշխատում է գործող կայանի
շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ, ինչպես նաև քննարկում
է նոր էներգաբլոկների կառուցման հեռանկարները։

Ռուսական կողմը,
հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, հասկանում է, որ Հայաստանը այս հարցին մոտենում
է հիմնավորապես՝ գնահատելով բոլոր հնարավոր տարբերակները: «Ռոսատոմի»
ղեկավարությունը կանոնավոր կապ է պահպանում երկրի կառավարության հետ:

Զախարովան նաև նշել
է, որ Ռուսաստանը նկատում է ոչ բարեկամ արևմտյան երկրների փորձերը
՝ վարկաբեկելու ռուս-հայկական համագործակցությունը միջուկային
ոլորտում։ Մասնավորապես, լրատվամիջոցները տարածում են կեղծ պնդումներ, որ ԱԷԿ-ը
շուտով շարքից դուրս է գալու, կամ իբր այն լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի
համար:

 

 

Leave a Comment