Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ օգոստոսի 18-ից 20-ը Լոռիում անցկացվեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի շրջանակում իրականացվող ամենամյա ներառական ճամբարը:
Ճամբարում ներգրավված էին «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի խոցելի խմբերի սաները, մասնագիտացված կազմակերպություններում ընդգրկված հաշմանդամություն ունեցող երեխաներ, ինչպես նաև մանկավարժներ, ծնողներ, սոցիալական աշխատողներ և արվեստագետներ:
«Յուրաքանչյուր տարի, երբ պատրաստվում ենք մեկարկել փառատոնը անասելի մեծ ոգևորությամբ ենք սպասում հատկապես մեր ճամբարին, որը այս տարի իր շուրջն է հավաքել 140 մասնակցի: Վստահաբար՝ կարող եմ նշել, որ իրենց տեսակով Հայաստանում եզակի «Ֆրեսկո» ճամբարները երեխաների համար ոչ միայն հասարակության լայն շրջանակում ինտեգրվելու հրաշալի միջոց են, այլև Հայաստանը ճանաչելու նոր ձեւաչափ»,- նշում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Կարապետյանը և ընդգծում՝ փառատոնը հատուկ ուշադրություն է դարձնում խոցելի խմբերի ստեղծագործական ներուժի զարգացմանը, կարծրատիպերի հաղթահարմանը և համատեղ նախաձեռնությունների խրախուսմանը՝ հիմնվելով ինտեգրման սկզբունքի վրա։
Հիշեցնենք, որ «Ֆրեսկո»-ն մշակութային երկխոսության յուրօրինակ հարթակ է, որը Հայաստանը վերածում է ժամանակակից շփումների խաչմերուկի։ Այն համադրում է մշակութային, հոգևոր և սոցիալական արժեքներ, միավորում է արդի արվեստի տարբեր ձևեր և հոգևոր թեմատիկ ֆիլմեր՝ ընդգծելով արվեստի դերը մարդու ներաշխարհի բացահայտման, սոցիալական արդարության, ներառականության և միջմշակութային երկխոսության խթանման գործում։
