Անքնությունը և առողջության ռիսկերը
Օրական յոթ ժամից պակաս քունը մեծացնում է տարբեր հիվանդությունների զարգացման ռիսկը, ներառյալ՝ հիպերտոնիան, ինֆարկտը, ինսուլտը, ճարպակալումը, շաքարախտը, դեմենցիան, դեպրեսիան և անհանգստության խանգարումները։ Այս մասին Terra հրատարակությանը հայտնել է նյարդաբան Ջանաինա Ազևեդու Սանտոս Պաչեկոն։
Նյարդաբանի խոսքով՝ անքնությունը խախտում է սթրեսային հորմոնների և նյութափոխանակության կարգավորումը, բարձրացնում է ինֆլամացիայի և արյան ճնշման մակարդակը, ինչպես նաև բացասաբար է ազդում սիրտ-անոթային համակարգի վրա։ Նյութափոխանակության և ինսուլինի արտադրության խանգարումը մեծացնում է ճարպակալման և շաքարախտի վտանգը։
Բացի այդ, անքնության դեպքում առաջանում է նյարդային համակարգի քրոնիկ լարվածություն, ինչը նպաստում է հոգեբանական խանգարումների զարգացմանը, հիշողության և ուշադրության խախտմանը։ Նյարդաբանը նշել է, որ մարդկանց, ովքեր չեն հասցնում բավականաչափ քնել, բնորոշ են թուլություն, քնկոտություն և արձագանքի ուշացում, ինչը բարձրացնում է ճանապարհային պատահարների և աշխատավայրում դժբախտ պատահարների հավանականությունը։
Քնի որակը բարելավելու համար բժիշկը խորհուրդ է տալիս․
-
Կողմնորոշվել նույն ժամին քնելու և արթնանալու վրա,
-
Սենյակը պահել մութ,
-
Խուսափել էլեկտրոնային սարքերի օգտագործումից երեկոյան ժամերին։