Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը հրդեհվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո

Քաղաքականություն

19.08.2025 | 11:25

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ՌԴ Վոլգոգրադ քաղաքի հարավում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա: Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հաստատել է տելեգրամյան ալիքներում տարածված տեղեկությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բոչարովի խոսքով՝ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանի տարածքում:

Եվս մեկ հրդեհ գրանցվել է Վոլգոգրադի թիվ 16 հիվանդանոցի տարածքում, որտեղ հրդեհ է բռնկվել մասնաշենքերից մեկի տանիքում:

«Հրշեջները տեղում աշխատում են հրդեհները տեղայնացնելու և մարելու համար: Նախնական տվյալներով՝ զոհեր չկան: Բժշկական հաստատության հիվանդները շարունակում են պլանային բուժում ստանալ այլ բաժանմունքներում»,- հայտնել է Բոչարովը:

Մինչ այդ, «Ռոսավիացիա»-ն մի քանի ժամով թռիչքային սահմանափակումներ է մտցրել Վոլգոգրադի օդանավակայանում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերը Վոլգոգրադի մարզի վրայով 13 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին: Եվս հինգ անօդաչու խփվել է Ռոստովի մարզի և բռնակցված Ղրիմի թերակղզու վրա:

Ուկրաինայի զինված ուժեր. նավթավերամշակման գործարանը վառելիք է մատակարարում ռուսական բանակին

Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը հարձակման է ենթարկվել նաև մի քանի օր առաջ: Կիևը հայտարարել է, որ գործարանը նավթամթերք է մատակարարում Ռուսաստանի զինված ուժերին, որոնք արդեն չորրորդ տարին է՝ լայնածավալ պատերազմ են մղում Ուկրաինայի դեմ:

 

 

Leave a Comment