Աթենքի մաքսատունը կանխել է կես տոննա «Կատ» թմրանյութի տարանցիկ փոխադրումը

Քաղաքականություն

17.08.2025 | 19:15

Աթենքի «Էլեֆթերիոս Վենիզելոս» օդանավակայանում մաքսային ծառայողները բռնագրավել են կես տոննա «Կատ» թմրանյութ, որը թաքցված էր կտորներով լի չորս կոնտեյների մեջ։ Սա վերջին տարիների ամենախոշոր խմբաքանակն է, որի արժեքը գնահատվում է 1,5 մլն եվրո, փոխանցում է Euronews-ը։

Կես տոննա «Կատ» թմրանյութը հայտնաբերվել և առգրավվել է Հունաստանի Պետական եկամուտների անկախ վարչության աշխատակիցների կողմից Աթենքի միջազգային օդանավակայանում։ Այդ մասին պաշտոնապես հայտարարվեց կիրակի օրը։

«Կատ»-ը, որը նաև հայտնի է որպես «բնական կոկաին», հոգեմետ նյութ է, առաջացնում է կախվածություն։ Այն ստացվում է Catha edulis բույսից, որը աճում է Սոմալիում, Արաբական թերակղզու հարավում և Աֆրիկայի արևելյան ափին։

Արգելված նյութը թաքցված էր չորս կոնտեյների մեջ։ Մաքսային փաստաթղթերում բեռը հայտարարված էր որպես վարագույրների, անկողնային սպիտակեղենի և գործվածքների խմբաքանակ։ Այն տարանցիկ անցնում էր Հունաստանի տարածքով՝ Իսրայելից ԱՄՆ տեղափոխվելու համար։

Աթենքի օդանավակայանի մաքսային ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի տեսուչների ընտրովի ստուգման արդյունքում ժամանակավոր պահեստում հայտնաբերվել են չորացված «Կատ»-ի տերևներով լցված փաթեթներ։ Առգրավվածի ընդհանուր քաշը կազմել է կես տոննա։

Ըստ գնահատականների՝ բռնագրված խմբաքանակի արժեքը կազմում է 1 500 000 եվրո։

Սա մաքսային ստուգման արդյունքում առգրավված «Կատ»-ի ամենախոշոր խմբաքանակն է։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2014 թվականի դեկտեմբերի 4-ին, երբ ոստիկանությունը բռնագրավել էր 458 կգ նյութ։ Վերջին նմանատիպ դեպքը եղել է 2022-ին, երբ առգրավվել էր 34 կգ։

Leave a Comment