«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է ընկերական խաղում «Չելսիից» կրած խոշոր հաշվով պարտությունը (1:4)՝ առանձնապես անդրադառնալով ակումբի նորեկ Լուկա Մոդրիչի խաղին, ով մասնակցել է երկրորդ խաղակեսին։
18-րդ րոպեից «ռոսոներիները» խաղացել են թվային պակասությամբ՝ պաշտպան Անդրեյ Կուբիշի հեռացման պատճառով։
«Մենք ավարտել ենք մեկամսյա նախամրցաշրջանային պատրաստությունը՝ առանց վնասվածքների, ուստի երեքշաբթիից կարող ենք սկսել պատրաստվել Իտալիայի գավաթին։ Տարօրինակ է, բայց մենք ավելի լավ էինք խաղում, երբ մնացինք տասը հոգով, քանի որ ավելի կազմակերպված էինք։ Կարող էինք ավելի ուշադիր լինել, սա այն է, ինչ կարող ենք ուղղել կարևոր խաղերում։
Վեց րոպե անց ստանդարտ դիրքից գոլ ընդունելը իդեալական չէ, և երկրորդ գոլի դեպքում նույնպես կարող էինք ավելի լավ պաշտպանվել։ Տղաները լավ տրամադրություն ունեին, և ամենակարևորը՝ ոչ ոք չվնասվեց։
Մոդրիչը միացել է մեզ ընդամենը 10 օր առաջ, պետք է խաղար 30 րոպե, բայց խաղաց 45 րոպե, քանի որ կարմիր քարտը փոխեց մեր ծրագրերը։ Նա պետք է փոխարիներ Մուսային, ով այսօր խաղաց 70 րոպե՝ երեկվա 60-ի փոխարեն։ Մոդրիչի ֆիզիկական պատրաստվածությունը դեռ զիջում է մյուսներին, ուստի այս ուղղությամբ դեռ պետք է աշխատել։
Սա աղետ չէ, սա ամառային ֆուտբոլ է։ Պարզապես պետք է աշխատենք մանրուքների վրա, օրինակ՝ ստանդարտ դիրքերի պաշտպանությունում։ Ես գոհ եմ, թե ինչպես աշխատեցինք վերջին ամսվա ընթացքում, իսկ հիմա մեզ սպասում են կարևոր խաղեր։ Դրանք խաղալը ամենահաճելին է», — ասել է Ալեգրին Sky Sport Italia-ին։