Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ, Թրամփ-Ալիև, ապա Թրամփ-Փաշինյան-Ալիև այսօր կայանալիք հանդիպմանն ընդառաջ՝ Ալիևը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ալիևի ու Ուիթքոֆի մասնակցությամբ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) և ամերիկյան նավթային «ExxonMobil» կորպորացիայի միջև ստորագրվել է «Համագործակցության հուշագիր»։
Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը և ExxonMobil-ի փոխնախագահ Ջոն Արդիլը։
Այնուհետև տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ։

Հաղորդագրությունների համաձայն, հանդիպման ժամանակ նշվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով նախագահ Իլհամ Ալիևի Վաշինգտոն կատարած աշխատանքային այցը լավ հնարավորություն է ստեղծում երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի օրակարգը քննարկելու համար։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարթությունում համագործակցության զարգացման հեռանկարների, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և տարածաշրջանում խաղաղության օրակարգի վերաբերյալ։
Այսօր էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը և SOCAR-ի ղեկավար Ռովշան Նաջաֆը Վաշինգտոնում նախօրեին հանդիպում են ունեցել ԱՄՆ արտահանման-ներմուծման բանկի (EXIM Bank) նախագահի գլխավոր խորհրդական Դեն Նեգրեայի հետ։ Հատուկ ուշադրություն է դարձվել զարգացման նոր հեռանկարներին և արտասահմանյան գործընկերների հետ կապերի ամրապնդմանը։

Միջազգային մամուլն արդեն անդրադառնում է ադրբեջանական SOCAR-ի կնքած հուշագրին։ Թեմայի մասին գրել է France 24-ը, իսկ Euroactiv-ն անդրադարձել է SOCAR-ExxonMobil գործարքին՝ այն որակելով՝ որպես առանցքային, ադրբեջանական ԶԼՄ-ները սա որակում են՝ որպես ռազմական ճեղքում, որով էներգետիկ համագործակցության նոր գլուխ է բացվում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն ադրբեջանական կողմի հետ բանակցային ակտիվ օրակարգի մեջ մտավ փետրվարին, երբ Մոսկվայում ՌԴ ղեկավարության հետ Ուկրաինայի շուրջ բանակցություններից հետո մեկնեց Բաքու բանակցությունների։
Ըստ փորձագետների, հենց այդ այցից սկսվեց Թրամփի վարչակազմի ակտիվ ներգրավվածությունը հարավկովկասյան կարգավորման գործընթացում։
Հարկ է հիշեցնել, որ ամերիկյան կողմը SOCAR-ի հետ երկխոսությունն ակտիվացրեց հենց այս այցից հետո, ուստի պատահական չէ, որ գործարքի ստորագրման արարողությունը տեղի է ունենում հենց Սթիվ Ուիթքոֆի ու Ալիևի մասնակցությամբ։
Իսկ հունիսի սկզբին Բաքվի էներգետիկ շաբաթվա շրջանակում փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) և ամերիկյան նավթային ExxonMobil կորպորացիայի միջև։
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել էին SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆը և ExxonMobil Corporation-ի փոխնախագահ Ջոն Արդիլը։ Փաստաթուղթը նախատեսում է համատեղ համագործակցություն Ադրբեջանի նավթի և գազի ոլորտում։