OpenAI-ը ChatGPT-ում ներկայացրել է նոր գործառույթ՝ Ուսումնառության ռեժիմը (Study Mode), որի նպատակն է օգնել ուսանողներին զարգացնել քննադատական մտածողությունը՝ հարցերին արագ պատասխաններ ստանալու փոխարեն։
Այս ռեժիմն ակտիվացնելիս ChatGPT-ն հարցեր է տալիս օգտատերերին՝ ստուգելու վերջիններիս՝ թեմայի ըմբռնման մակարդակը և որոշ դեպքերում հետաձգում է ուղիղ պատասխանների տրամադրումը, մինչև ուսանողը չսկսի նյութի հետ ակտիվ աշխատել։
Ուսումնառության ռեժիմն այժմ հասանելի է ChatGPT-ի Free, Plus, Pro և Team փաթեթների բաժանորդներին, իսկ առաջիկա շաբաթներին այն հասանելի կլինի նաև Edu-ի բաժանորդագրություն ունեցողներին։ Այս քայլը կատարվում է ChatGPT-ի՝ սովորողների մտավոր զարգացման վրա ունեցած ազդեցության մասին մտահոգությունների ֆոնին, չնայած որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս նաև դրա կրթական օգուտները։
Թեև այս գործառույթը խթանում է ակտիվ ուսուցումը, այն դեռևս պարտադիր չէ. սովորողները կարող են ցանկացած պահի վերադառնալ սովորական ռեժիմին՝ արագ պատասխաններ ստանալու համար։ OpenAI-ի ներկայացուցիչները նշել են, որ հնարավոր է ապագայում ավելացնեն ծնողական կամ ադմինիստրատիվ վերահսկողության գործիքներ՝ ավելի համակարգված ուսումնական միջավայր ապահովելու համար։