Հայաստանի և մյուս հարևանների հետ ավելի սերտ կապերը թույլ կտան վերացնել Արևմուտքի պատժամիջոցները․ Փեզեշքիան

Իրանը շտապ պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատի իր հարևանների հետ, ասել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային կապերի ամրապնդումը կարող է օգնել չեզոքացնել Արևմուտքի պատժամիջոցները, հաղորդում է IRNA-ն։

Երկուշաբթի օրը Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանն ասել է, որ իշխանության ապակենտրոնացումը, հատկապես սահմանամերձ նահանգներում, կօգնի ընդլայնել համագործակցությունը հարևան պետությունների հետ։

«Եթե մենք ամրապնդենք կապերը մեր հարևանների հետ, պատժամիջոցները կկորցնեն իրենց արդյունավետությունը», – ասել է Պեզեշկիանը։

Նախագահը Հայաստանը, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրաքը, ինչպես նաև Իրանի հարավային հարևաններին անվանել է «մեծ ներուժ» ունեցող երկրներ փոխշահավետ համագործակցության համար, որը պետք է ակտիվացվի բոլոր կողմերի շահերից ելնելով։

Պեզեշկիանն անդրադարձել է նաև Իսրայելի կողմից հունիսին 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանի քաղաքական և ռազմական ղեկավարության բարձր մակարդակի հանդիպմանն ուղղված հարվածին։ Նրա խոսքով, եթե հարձակումը հաջողվեր, այն կարող էր լրջորեն ապակայունացնել երկրի ղեկավարությունը։

«Այս միջադեպը մեզ հիշեցրեց, թե որքան կարևոր է ապակենտրոնացնել իշխանությունը, որպեսզի, Աստված մի արասցե, առաջնորդների կորստի դեպքում համակարգը կարողանա շարունակել գործել»,- ասել է նախագահը։

Նա հավելել է, որ Իրանի հակառակորդները հույս ունեին վերջին հարձակումներով ժողովրդական անկարգություններ հրահրել՝ ջրի, էլեկտրաէներգիայի և հացի մատակարարման խափանումներ ստեղծելով։

«Սակայն լիազորությունները նահանգապետերին փոխանցելու շնորհիվ այս փորձերը չհասան իրենց նպատակին»,- նշել է նախագահը՝ հավելելով, որ ապակենտրոնացումը կշարունակվի կենտրոնական կառավարության ռազմավարական վերահսկողության ներքո։

Leave a Comment