«Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան





ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի «Արցախյան բանակցություններ» գրքի շնորհանդեսն է։  Լրագրողների հետ զրույցում խաչատրյանը նշեց, որ գիրքը սկսել է գրել 2022 թ․-ին՝ այն օրերին, երբ «Դիմադրություն» շարժումն էր փողոցում։

«Իշխանությունները սկսել էին նենգափոխել Արցախյան շարժման էությունը, Արցախի Հանրապետության ձևավորումը, իրավական հիմքերը և ամբողջ բանակցային գործընթացը, և այն կարգավորման առաջարկությունները, որոնք ներկայացվել են հակամարտության 3 կողմերին։ Նախապես մտածում էի գրել հոդված, հետո շատ երկարեց, ասացի՝ դե լավ, կլինի հոդվածաշար։Հետո էլ ավելի երկարեց, ասացի՝ դե լավ, կլինի գրքույկ, վերջ ի վերջո դարձավ երկհատորյակ՝ մոտ 1300 էջով»,- ասաց Խաչատրյանը։

Հեղինակն ընդգծեց, որ գրքում ներկայացված են փաստեր՝  ե՞րբ են հանդիպել, ովքե՞ր են հանդիպել, ի՞նչ են քննարկել, ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվել։

«Մոտ 3500 հղում կա, այսինքն՝ նախադասություններ կան, որոնցում  2-3 հղում կա նույնիսկ։ Այնպես որ ցանկացած բառի համար պատասխանատու եմ, երբ ես ասում եմ՝ այս իշխանությունները նենգափոխում են Քի Վեսթի փաստաթղթերի էությունը, կարող եմ բերել օտարերկրյա բազմաթիվ հեղինակների վկայություններ, հեղինակավոր վերլուծաբանների վկայություններ։ Երբ խոսում են Լավրովի փաստաթղթի մասին, երբ խոսում են, որ Արցախը կորցրել էր անկախ լինելու տեսական և գործնական տարբերակները, երբ խոսում են, որ երբեք Արցախը անկախ կարգավիճակը չի քննարկվել, ապա փաստերով հերքում եմ, որ այդպիսի բան գոյություն չունի»,– հավելեց Խաչատրյանը։
Աղբյուրը`Panorama.am    



Leave a Comment