ԵՄ օժանդակությամբ մեկնարկել է նոր տեխնիկական աջակցության առաքելությունը

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ՀԸԳՀ/ ներքո իրականացվող  սպառողների շահերի  պաշտպանության բարեփոխումների համատեքստում մեկնարկել է նոր տեխնիկական աջակցության առաքելություն՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀԸԳՀ մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ծրագրի շրջանակներում։ «Աջակցություն սպառողների շահերի պաշպանության օրենսդրության մոտարկմանը 2»  առաքելությունն իրականացվել է Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի (UOKiK) փորձագետների կողմից։
Այցի ընթացքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում  կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ, որոնց մասնակցել են ծրագրի պատասխանատուներ և փորձագետներ, շահագրգիռ գերատեսչությունների, այդ թվում՝ արդարադատության, էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներ։
ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը շնորհակալություն է  հայտնել սպառողների պաշտպանության օրենսդրության բարեփոխումներին շարունակական աջակցության համար՝ հավելելով, որ այն գործնականում արդեն իսկ ցույց է տվել իր հաջողված արդյունքները։  Մասնավորապես առաջին տեխնիկական աջակցության առաքելության շրջանակում միջազգային փորձագետների ներկայացրած առաջարկությունների հաշվառմամբ մշակված օրենսդրական փաթեթը հուլիսի 3-ին ընդունվել է Ազգային ժողովի կողմից և ուժի մեջ կմտնի  օգոստոսի 1-ից։
Օրենսդրական բարեփոխումների երկրորդ փաթեթով նախատեսվում է փորձագիտական թիմի աջակցությամբ մշակել փոփոխություններ՝ սպառողական պայմանագրերում անարդար պայմանների, մոլորեցնող և համեմատական գովազդի,  սպառողների  իրավունքների, ապրանքի վաճառքի պայմանագրերի վերաբերյալ  ԵՄ դիրեկտիվներին համահունչ։ 
Հանդիպումների ընթացքում փորձագետներին ներկայացվել են իրականացված աշխատանքների ընթացքը, վեր են հանվել գործընթացի առկա հարցերը և հստակեցվել հետագա գործողությունները։

Leave a Comment