Վերջին շաբաթներում հաճախակի ջրանջատումները, կարծես, դարձել են սովորական երեւույթ: Մարդիկ ամեն դեպքում շշերով եւ դույլերով ջրի պաշար են հավաքում՝ խուսափելու համար անկանխատեսելի ջրանջատումներից: Հարցին, թե ինչու է հիմնականում ամռան տապին ջրազրկվում բնակիչը, «Վիոլա ջուր»-ը պատասխանում է, որ շոգի պատճառով մարդիկ շատ են ջուր օգտագործում, նույնիսկ՝ ոռոգման նպատակով, այդ իսկ պատճառով ջուրը չի բավականացնում: Այս տարօրինակ պատասխանից հետո, պարտադիր հայցում է բնակչի կամ սպառողի ներողամտությունը:
«Ջհանդամ», որ բնակիչը տանը չի եղել եւ չի հասցրել նույնիսկ խմելու ջուր հավաքի եւ ստիպված պիտի հավելյալ գումար ծախսի ջուր գնելու համար: Ու «ջհանդամ», որ 38-40 աստիճան շոգին մարդը ցանկանում է լոգանք ընդունել, ի վերջո, ներողություն արտահայտությանս համար, մարդ ենք էլի…
Հատկանշական է, որ տուժվածների մեջ հիմնականում Նոր Նորքի եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների բնակիչներն են, ինչը պատահականություն չէ: Սրանից կարելի է ենթադրել, որ, պարզապես, «Ջրաշխարհ»-ի ջուրը չպիտի պակասի: Որքան էլ որ հերքեն, թե բա՝ դա «Ջրաշխահ»-ի հետ կապ չունի եւ այլն, միեւնույն է, կարծիքները չեն փոխվում, քանի որ ակնհայտ է՝ Մասիվում ջուր չկա, իսկ Մասիվին կից «Ջրաշխարհ»-ում ջուրը ծփում է:
Հիմա հարց է ծագում՝ սա պետությո՞ւն է, թե՞ մեր հարեւան Վալյայի «բուտկեն», որտեղ երբ մեկը զուգարանի ջուրը բացում է, խոհանոցում ջուրը կտրվում է: Եթե հավատանք «Վիոլա ջրին» եւ ընդունենք, որ մարդիկ, հատկապես մասիվցիներն ամռանը շատ են ջուր օգտագործում, ապա ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկվում, այդ հարցը լուծելու համար: Հիշեցնենք, որ ամեն տարի, այս գերխնդիրը կա եւ լուծում չկա: Եթե սա «բուտկա» չէ եւ պետություն է, ապա մի պատկան մարմին վերջապես կկանգնի՞ այս խնդրին հանդիման եւ վերջնական լուծում տա, թե՞ կրկին քաղաքացին սպասի՝ երբ է գալու սեպտեմբերը, որ մասիվցիներն ու զեյթունցիները լողանան:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ