Սամվել Կարապետյանի աջակիցները հրաժարվում են քաղաքական գնահատականներ տալ


Ներքաղաքական

Ներքաղաքական դաշտում շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ ռուսաստանաբնակ հայտնի գործարար, իսկ այժմ Հայաստանում կալանավորված Սամվել Կարապետյանը եւ նրա հղած քաղաքական ուղերձները: Անդրադառնալով նրա հայտարարությանը, որ ստեղծելու են «սկզբունքորեն նոր քաղաքական ուժ» եւ «գնալու են իրենց ճանապարհով», «իրենց ձեւով» եւ «իրենց նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ», «Իրավունք»ը փորձեց պարզել Սամվել Կարապետյանի երեւացող քաղաքական աջակիցների գնահատականները՝ ձեւավորվող թիմի մեկնարկի կապակցությամբ

Էլ ումից առաջինը հարցնեիք, եթե ոչ այն անձանցից, ովքեր ընդգծված իրենց աջակցությունն են հայտնել Սամվել Կարապետյանին՝ ի պաշտպանություն նրա իրականացված հավաքի ժամանակ: Սակայն, հարթակից ելույթ ունեցած եւ այդ օրը Կարապետյանների ընտանիքի բարեկամ ներկայացած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ «Իրավունք»-ի հետ զրույցում ի զարմանս մեզ՝ առհասարակ հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ իրավիճակի վերաբերյալ: Նույնպիսին էր կրկին հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցած ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, ժամանակին «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ բռնած դիրքը: Այսինքն՝ եւս մեկ անգամ ի պաշտպանություն բարերարի հանդես գալու փոխարեն՝ տարօրինակ պատրվակներով «թռան» լրագրողական հարցերից:

Սամվել Կարապետյանի ձերբակալման, ապա կալանավորման օրից «Իրավունք»-ը անվարան հանդես է եկել բարերարին աջակցող հրապարակումներով եւ բազմիցս մատնանշել, որ նա քաղբանտարկյալ է: Իհարկե, բնականաբար, մենք շարունակելու ենք այդ գիծը, բայց նաեւ այս ամենը բազում հարցերի տեղիք է տալիս: Եթե ընդդիմադիր մամուլի հետ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի ներկայացուցիչ լինելուն հավակնող գործիչները ձեւավորում են այսպիսի փոխհարաբերություններ, ապա պետք է ենթադրել, որ կա՛մ ասելիք չունեն, կա՛մ հերթական անգամ ընդդիմադիր դաշտը փորձում են բաժանել յուրայինների եւ ոչ յուրայինների միջեւ:  Հետեւապես, հարց է ծագում՝ սա՞ է «սկզբունքորեն նոր» «իրենց ձեւը», թե՞ վերոնշյալ գործիչներն անհատական մոտեցումներ ունեն ու արդեն իսկ չեն տեղավորվում «մեր ձեւովի» մեջ:

Ընդդիմադիր մամուլի հետ զրույցում Սամվել Կարապետյանի նման աջակիցների խուսափողական պահվածքը կարող է նաեւ հուշել, որ սա շարունակությունն է նրա, ինչի մասին ավելի վաղ նշել էր գործարարի պաշտպան, նույնպես «Հայաստան» դաշինքից ընտրված, ապա մանդատը վայր դրած արդեն նախկին պատգամավոր ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԸ:

Հիշեցնենք՝ Վարդեւանյանն ասուլիսի ժամանակ, ըստ էության, շեշտադրում է արել, որ Կարապետյանի դեմ հարուցված գործը ոչ թե մեծապես քաղաքական, այլ տնտեսական է, մասնավորապես ընդգծելով. «Աբսուրդային է, որ մարդը լինի կալանավորված ու այդ ընթացքում իր սեփականության իրավունքին միջամտություն լինի։ Այսինքն՝ մարդուն կալանավորեն, որպեսզի փորձեն իր բիզնեսը, կներեք արտահայտությանս համար, խլեն»:

Մեզ մնում է եզրակացնել, որ եթե նման աջակիցներով ու այսպիսի հին դեմքերով է Սամվել Կարապետյանը փորձելու նոր ուժ ձեւավորել, ապա հերթական անգամ հայտնվելու ենք նույն կոտրած տաշտակի առաջ: Ըստ էության, մինչ օրս Կարապետյանի այդ <նոր ուժի> մասին պատկերացումները պտտվում են «Հայաստան»դաշինքի, այսինքն՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Սա նշանակում է, որ առաջիկայում կարող ենք ականատես լինել՝ Քոչարյան+Կարապետյան դուետի, ինչն, իհարկե, դժվար է անվանել նոր ուժ: Մյուս կողմից չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը փորձի դուրս գալ մեծ քաղաքականությունից, իսկ իր «Հայաստան» դաշինքը վերաբրենդավորվելով «Մեր ձեւով» դաշինքի՝ ժառանգի Սամվել Կարապետյանը: Այս դեպքում, թերեւս լավագույնը, ինչ կարելի է սպասել այդ ուժից այն է, որ 2026 թվականի ընտրություններին կզբաղեցնի «Հայաստան» դաշինքի՝ նույն է թե Նիկոլ Փաշինյանի գլխավոր ընդդիմությունը խորհրդարանում լինելու դերը, այսինքն՝ կլինի նույն պատկերը, ինչ հիմա՝ պլյուս-մինուս մի քանի մանդատ:  

Leave a Comment