Մինչեւ 50 կամ 100 միլիոն դրամի ներդրում ենք արել, եթե 10 օրվա մեջ չվաճառենք, թափելու ենք. ծաղկագործների բողոքի ակցիան

Ծաղկագործները հուլիսի 8–ին բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ գործադիրը լուծի ծաղիկների արտահանման խնդիրը։
Նրանց խոսքով՝ Ռուսաստանը, որը Հայաստանից ծաղիկների արտահանման հիմնական շուկան է, հայտարարում է, որ ստուգումների արդյունքում բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային վնասատուներ է հայտնաբերում ներմուծվող ծաղիկների մեջ եւ արգելում է դրանց մուտքը երկրի տարածք։
Կառավարության առջեւ հավաքված ծաղկագործները նշում էին, որ իրենք կառավարության կողմից սուբսիդավորվող վարկեր են վերցրել ժամանակին, ընդ որում, խոսքը բավական մեծ վարկերի մասին է՝ 50,000,000 դրամից սկսած, մշակել են հեկտարներով արտադրանք, իսկ այժմ փաստի առջեւ են կանգնել՝ չկարողանալով իրացնել այն։
«Մարդիկ կան՝ մինչեւ 50 կամ 100 միլիոն դրամի ներդրում են արել, եթե 10 օրվա մեջ ծաղիկները չվաճառենք, թափելու են։ Որտեղի՞ց ենք այդ վարկը տալու»,- ասաց ակցիայի մասնակիցներից Արմեն Սարգսյանը։
«Պետությունը վարկ է տվել, ու ասել է՝ 1 հեկտարից ոչ պակաս ջերմոց սարքեք։ Ջերմոցը սարքել ենք, բայց արտադրանքը ո՞նց ենք արտահանելու, էդ վարկը պիտի կարողանանա՞նք փակել, թե՞ չէ»,– ասաց մեկ այլ տղամարդ։
«Թող լսեն, եթե չեն ուզում Ռուսաստանի հետ աշխատել, մեզ թող չստիպեն էդ ծաղիկները մշակենք։ Մենք պատրաստ ենք մտնել եվրոպական շուկա, ուղղակի պետությունը պետք է մեզ աջակցի»,- ասաց Գրիգոր Նազարյանը։
Ծաղկագործները հանդիպում էին պահանջում Նիկոլ Փաշինյանի, կամ նրա աշխատակազմի որեւէ ներկայացուցչի հետ։ Կառավարությունից ոչ ոք նրանց այդպես էլ չընդունեց։
Ավելի ուշ NEWS.am-ի հետ զրույցում ծաղկագործներն ասացին, որ մարզպետի միջնորդությամբ համաձայնություն են ձեռք բերել, որ այսօր Էկոնոմիկայի նախարարությունում իրենց կընդունեն։

Leave a Comment