Ազնավուրի հրապարակը ձայն կունենա. հուլիսի 18-ին Երևանում տեղի կունենա մեծ շանսոնյեի հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը

Արմինֆո. Ֆրանսահայ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս, ականավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ Մեծն Շառլ Ազնավուրի հուշարձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18 – ին՝ ժամը 11:00-ին Երևանի համանուն հրապարակում: Այդ մասին քաղաքապետարանի աշխատանքային նիստի ժամանակ հաղորդել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, նշելով, որ վերջինս կտեղադրվի քաղաքում արդեն հուլիսի 16-ին:

 

Նա պատմել է, որ հուշարձանի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են, իսկ քանդակագործի և այլ գործընկերների հետ վերջին համաձայնությունները տեղի են ունեցել հուլիսի 4-ին: “Մենք քննարկեցինք բոլոր ընթացիկ հարցերը, ճշտեցինք մնացած մանրամասները և որոշեցինք վերջնական աշխատանքների ընթացքը”, – նշել է փոխքաղաքապետը, տեղեկացնելով, որ հուշարձանի ձուլումն իրականացվել է Գյումրիում:

 

Հովհաննիսյանը նաև նշել է, որ Ազնավուրի արձանի բացման արարողությանը ներկա կլինեն նաև պատվիրակություններ Փարիզից և Իլ դը Ֆրանս տարածաշրջանից:

 

Իր հերթին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելել է, որ սա այն բացառիկ դեպքն է, երբ քաղաքապետարանն իր վրա է վերցրել հուշարձանի տեղադրման ողջ ծախսային մասը: Ավելի վաղ, ինչպես նա նշել է, հուշարձանները նվիրաբերվել են քաղաքին։

 

“Շատ կարևոր է, որ սա մեր նախաձեռնությունն է”, – ընդգծել է քաղաքապետը, հիշեցնելով, որ “Ազնավուր” հիմնադրամի և Շառլ Ազնավուրի որդու ՝ Նիկոլա Ազնավուրի հետ միասին էսքիզի ընտրության գործընթացը երկար է տևել: “Վստահ եմ, որ մենք ճիշտ ընտրություն ենք կատարել”, – նշել է Ավինյանը։

 

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրի քանդակի հեղինակը, որը տեղադրվելու է Երևանի համանուն հրապարակում, Դավիթ Մինասյանն է: Նախագծի էսքիզն ընտրվել է մասնագիտական հանձնաժողովի անդամների փակ քվեարկությամբ, որի կազմում ընդգրկված են 11 հոգի, այդ թվում ՝ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, և նրա կինը՝ Քրիստինա Ազնավուրը, քաղաքապետարանի ներկայացուցիչներ ՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը և փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, “Շառլ Ազնավուր” հիմնադրամի փոխտնօրեն Կարինե Էվոյանը, ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, քանդակագործ Ալբերտ Վարդանյանը, ճարտարապետ Ալեքսանդր Բադալյանը և այլոք: Հանձնաժողովի 11 անդամներից 9 – ը կողմ են արտահայտվել Դավիթ Մինասյանի հեղինակած էսքիզին:

 

Նշենք, որ ի սկզբանե հայտարարվել էր, որ Ազնավուրի արձանը տեղադրվելու է Երևանում 2024 թվականի հոկտեմբերին, որը նշանավորվելու է արտիստի ծննդյան 100-րդ տարեդարձով: Սակայն հետո  տեղադրումւ  հետաաձգվել է մինչեւ 2025թ.: Սկզբում հայտարարել էին, որ հուշարձանն Ազնավուրի հրապարակում կհայտնվի 2025թ. նոյեմբերին, այնուհետեւ նշել էին մայիսի 22-ը՝ շանսոնյեի ծննդյան 101-րդ տարեդարձին: Եվ միայն այս տարվա մայիսին քաղաքապետարանի հերթական նիստում հայտարարվել էր նոր ժամկետ՝ 

ս. թ. հուլիսին:

Leave a Comment