Պուտինն ու Թրամփը չեն բացառել Իրանի վերադարձը ԱՄՆ-ի հետ բանակցությունների սեղան

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում, չնայած Իրանին Իսրայելի հարվածների գնահատականների տարբերությանը, չեն բացառել Թեհրանի վերադարձը Վաշինգտոնի հետ բանակցություններին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դիվանագետը հիշեցրել է, որ «Իսրայելը հարվածներ է հասցրել բառացիորեն հունիսի 15-ին նախատեսված հերթական բանակցային փուլի նախօրեին»:

«Դոնալդ Թրամփն իր կողմից նույնպես իրավիճակը բավականին տագնապալի է գնահատել ՝ ընդունելով Իսրայելի հարվածների արդյունավետությունն Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին», – նշել է Ուշակովը:

«Հատկանշական է, որ Ռուսաստանի և Ամերիկայի նախագահները, չնայած նման բարդացած իրադրությանը, չեն բացառում վերադարձը իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցային ուղի»,- հավելել է ՌԴ նախագահի օգնականը:

«Ամերիկացի բանակցողների թիմը պատրաստ է վերսկսել աշխատանքը Իրանի ներկայացուցիչների հետ։ Ինչպես հայտնի է, նման անուղղակի բանակցությունների հինգ փուլ է անցել Օմանի միջնորդությամբ»,- եզրափակել Է Ուշակովը։

Իրանը հունիսի 13-ին բալիստիկ հրթիռների կիրառմամբ հարվածներ էր հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Թել Ավիվի՝ ավելի քան 200 կործանիչի կիրառմամբ հունիսի 13-ի գիշերվա հարձակման, որի հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորականներ են զոհվել: ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։

Հունիսի 14-ին Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը հայտնել էր, որ Հայաստանի հարավում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա։

Կարդացեք նաև՝

Փորձագետները գնահատել են Հայաստանի հնարավոր քայլերը` Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ֆոնին

Leave a Comment