Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմաթ Հաջիևը X-ի իր ցանցում կատարել է գրառում՝ հերքելով Իրանի ներսում Իսրայելի լրտեսական ցանցի հետ Ադրբեջանի կապը։
Գրառման մեջ, մասնավորապես, նշվել է. «Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի էջեր տարածում են ամբողջովին անհիմն և կեղծ պնդումներ այն մասին, թե իբր Ադրբեջանը իսրայելական կողմի հանձնարարությամբ հավաքագրել է էթնիկ ադրբեջանցիների որպես գործակալներ և ուղարկել Իրանի տարածք։ Այս տեսակի անհեթեթ և երևակայական մեղադրանքները որևէ առնչություն չունեն իրականության հետ և ներկայացնում են բացահայտ ապատեղակտվություն։ Մենք կտրականապես հերքում ենք նման կեղծ լուրերն ու անհիմն մեղադրանքները»։ Այն, որ այս թեմային անդրադարձել է անձամբ Հիքմաթ Հաջիևը, ցույց է տալիս այն, թե ինչ կարգի զգայուն թեմա է այս պահին Իրանի դեմ իրականացված գործողություններում Ադրբեջանի ներգրավվածության հարցը։