Առանց վարորդականի մեքենա վարելու տուգանքը կդառնա 50,000 դրամ

Առանց վարորդականի մեքենա վարելու տուգանքը կդառնա 50,000 դրամ

14 հունիսի 2025 – 13:05 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին ընթերցմամբ քննարկմանն է ներկայացվել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք վերաբերում են Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում և հարակից օրենքներում փոփոխություններին ու լրացումներին։ Դրանք ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, հայտնում է «Առավոտը»:

Ըստ նախաձեռնության՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսված 25,000 դրամի փոխարեն կսահմանվի 50,000 դրամ տուգանք: Այս պատասխանատվությունը կրելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին նույն արարքը կատարելու դեպքը կդիտարկվի հանցագործություն:

Պարեկային ծառայության աշխատակիցներն այսուհետ կկարողանան թվային եղանակով ստուգել անձի վարորդական իրավունքի առկայությունը։ Միայն այն դեպքում, երբ տեխնիկական հնարավորություններն այդ պահին բացակայում են, քաղաքացու կողմից վարորդական վկայական չունենալը կարող է դիտվել որպես իրավախախտում։

Նախատեսվում է նաև ստեղծել հնարավորություն, որ ոստիկանությունը կարողանա խուսափել վարչական իրավախախտում կատարած քաղաքացուն բաժին բերման ենթարկելու անհրաժեշտությունից, եթե շարժական տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հնարավոր լինի վստահաբար նույնականացնել տվյալ անձին։

Leave a Comment