ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան Ջիբրալթարում սահմանամերձ առևտուրն ու ճամփորդությունները մեղմելու հարցում համաձայնության են եկել

Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել Ջիբրալթարում սահմանամերձ առևտուրն ու ճանապարհորդությունները մեղմելու վերաբերյալ՝ Brexit-ից հետո վիճելի տարածքի շուրջ տարիներ տևած վեճերից հետո, չորեքշաբթի հայտարարել է Առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը։
Սոցիալական ցանցերում գրառման մեջ Շեֆչովիչը գովաբանել է գործարքը՝ այն անվանելով «իսկապես պատմական հանգրվան. ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև քաղաքական համաձայնագիր Ջիբրալթարի շուրջ ապագա հարաբերությունների վերաբերյալ: Այն բոլորի համար շահեկան է և նոր գլուխ է բացում հարաբերություններում»:
Մեծ Բրիտանիան լքեց Եվրամիությունը 2020 թվականին, ինչի հետևանքով Ջիբրալթարի և դաշինքի միջև հարաբերությունները մնացին չլուծված։ Ջիբրալթար-Իսպանիա սահմանով մարդկանց և ապրանքների անարգել տեղաշարժը թույլ տվող համաձայնագրի շուրջ բանակցությունները նախկինում սոսկ աննշան առաջընթաց են գրանցել, գրում է Associated Press գործակալությունը։
2016 թվականի Brexit-ի բրիտանական հանրաքվեում Ջիբրալթարի ընտրողների 96%-ը քվեարկել էր ԵՄ-ում մնալու օգտին։ Իսպանիայի հարավային ծայրամասում գտնվող փոքրիկ տարածքը խիստ կախված է իր 34 հազար բնակիչների համար ԵՄ շուկա մուտք գործելուց։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ «համաձայնագիրը լուծում է Brexit-ին առնչվող վերջին խոշոր չլուծված հարցը», իսկ Իսպանիայի արտգործնախարար Խոսե Ալբարեսը հայտարարել է, որ «Ջիբրալթարի համաձայնագիրն այժմ իրականություն է»՝ այն անվանելով պատմական։
Համաձայնագիրը նախատեսում է Իսպանիայի և Ջիբրալթարի միջև տեղաշարժվող մարդկանց և ապրանքների նկատմամբ բոլոր ֆիզիկական արգելքների, ստուգումների և վերահսկողության վերացում, ասված է ԵՄ հայտարարության մեջ։
Միաժամանակ, Եվրոպական ազատ ճանապարհորդության գոտու և ԵՄ միասնական շուկայի կանոնները կպահպանվեն։ Հայտարարության մեջ նշվում է, որ պայմանագիրը « վստահություն, իրավական որոշակիություն և բարեկեցություն կմտցնի տարածաշրջանի մարդկանց կյանքում և, կնպաստի համատեղ բարգավաճմանը, ինչպես նաև սերտ ու կառուցողական հարաբերություններ Ջիբրալթարի ու Իսպանիայի իշխանությունների միջև»։
Հիմնական խոչընդոտը Ջիբրալթարի օդանավակայանի վերահսկողությունն ապահովող հարցն էր։ Մեծ Բրիտանիան և Ջիբրալթարը դիմադրել են Իսպանիայի պահանջներին, որ իսպանացի սահմանապահները տեղակայվեն օդանավակայանում, որտեղ միաժամանակ Թագավորական ռազմաօդային ուժերի բազա է տեղակայված։
Ստուգումներն այժմ կիրականացվեն նույն կերպ, ինչպես Լոնդոնի և Փարիզի Eurostar կայարաններում։ Շեֆչովիչը նշել է, որ Ջիբրալթարի օդանավակայանում և նավահանգստում ԵՄ-ի և Ջիբրալթարի միջև կրկնակի ստուգումներ կլինեն։
Չորեքշաբթի համաձայնություն է ձեռք բերվել նաև վիզաների և ճանապարհորդական թույլտվությունների վերաբերյալ։ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Ջիբրալթարի բնակչության կեսն ամեն օր հատում է սահմանը, և որ առանց համաձայնագրի՝ ԵՄ մուտքի և ելքի նոր կանոնները կնշանակեն, որ բոլորի անձնագրերը կստուգվեն։ Բրիտանական կառավարությունը ողջունել է համաձայնագիրը վարչապետ Քեյր Սթարմերի՝ Մեծ Բրիտանիայի՝ դաշինքից կտրուկ դուրս գալուց հինգ տարի անց ԵՄ-ի հետ հարաբերությունները վերականգնելու ջանքերում հաղթանակ որակել ։ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ համաձայնագիրը «չի ազդում ինքնիշխանության վրա» և ապահովում է «Մեծ Բրիտանիայի ռազմական օբյեկտների լիակատար գործառնական ինքնավարություն Ջիբրալթարում»։

Leave a Comment