Արմինֆո. Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Ազգային ժողովի “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նրա համոզմամբ, այդպես հնարավոր կլինի ժողովրդին շահագործել և ֆիզիկապես և հոգևոր տեսանկյունից. այն ինչ նրանք արել են տասնամյակներով: «Սա եղել է պարզ քաղաքական բարտեր` գողապետերը Գարեգինին և իր շրջապատին տվել են ֆինանսական արտոնություններ և աչք փակել սքեմի տակ կատարվող անցուդարձի վրա, Գարեգինն էլ` Եկեղեցու հանրային լեգիտիմությամբ օծել է ժողովրդական լեգիտիմություն չունեցող նախագահներին: Դու ինձ փող և արտոնություն, ես քեզ` լեգիտիմություն:
Քանի որ ժողովուրդը ազատագրվել է հպատակության շղթաներից, հանցավոր դաշինքի շահագործման օբյեկտ այլևս չկա: Մյուս կողմից` Հայաստանում կա օրինական իշխանություն, որի լեգիտիմությունը բխում է ժողովրդից, միմիա´յն ժողովրդից:
Ահա թե ինչու Եկեղեցու հոգևոր պետերը չեն գտնում իրենց տեղը ժողովրդավարական Հայաստանում. նրանց ապրանքն այլևս գնորդ չունի` ոչ իշխանությունն է ապօրինի, ոչ ժողովուրդը` հպատակ: Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Որքան շուտ սա հասկանան սրբազան հայրերը, այնքան քիչ կկորցնեն հոգևոր առաջնորդության լեգիտիմությունը», – գրել է ՔՊ խմբակցության ղեկավարը
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվում Գարեգին Բ-ին Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնից հեռացնելու փորձերից: Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Կաթողիկոսին մեղադրել է կուսակրոնության ուխտը խախտելու համար: Այդ իսկ պատճառով նա հանդես է եկել Գարեգին Բ-ի հրաժարականի օգտին։
Մայիսի 29-ին կառավարության նիստում վարչապետը հայտարարել էր, որ հայկական եկեղեցիները “չուլանացված են”։ Հաջորդ օրը նա սուր գրառում էր կատարել սոցիալական ցանցերում, որտեղ կոպիտ բառապաշար է օգտագործել Հայասստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևորականների հասցեին: Վարչապետը պահանջել է, որ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր քահանաները զրկվեն հոգևոր կարգից։ Համանման հարձակումներով հանդես էր եկել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Այդ հայտարարությունները խիստ արձագանք էին գտել հոգևորականների շրջանում։ Սկանդալի ֆոնին վարչապետն առաջարկել է փոխել ՀԱԵ ղեկավարի ընտրության կարգը, որպեսզի պետությունը որոշիչ ձայն ունենա ընտրություններում, իսկ թեկնածուները անցնեն էթիկայի ստուգում: