Պուտինն Արևմուտքից գրավոր պարտավորություն է պահանջում Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան ՆԱՏՕ-ի կազմ չընդունելու վերաբերյալ

Քաղաքականություն

28.05.2025 | 16:17

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պայմանները ներառում են պահանջ, որ արևմտյան առաջնորդները գրավոր պարտավորվեն դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և վերացնեն Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցներ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ռուսական աղբյուրներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Պուտինը պատրաստ է խաղաղություն հաստատել, բայց ոչ ցանկացած գնով»,- ասել է լրատվամիջոցի  աղբյուրներից մեկը։

Ռուսական երեք աղբյուրներ ասել են, որ Պուտինը ցանկանում է գրավոր պարտավորություն ստանալ խոշոր արևմտյան տերություններից ՆԱՏՕ-ն դեպի արևելք չընդլայնելու վերաբերյալ, այսինքն՝ բացառել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի անդամակցությունը դաշինքին։

Ռուսաստանը նաև ցանկանում է, որ Ուկրաինան չեզոք լինի, և որոշ արևմտյան պատժամիջոցներ չեղարկվեն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում, վերջին օրերին ցույց է տվել աճող հիասթափություն Պուտինի նկատմամբ՝ երեքշաբթի հայտարարելով, որ Ռուսաստանի առաջնորդը «կրակի հետ է խաղում»։

Ռուսաստանը շաբաթավերջին զանգվածային ավիահարվածներ է հասցրել Ուկրաինային։ Միաժամանակ, ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի ժամանակը և վայրը, որը սկսվել է մայիսին Ստամբուլում, դեռևս որոշված ​​չեն։

Այսօր էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերի միջև բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը կհայտարարվի առաջիկայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment