Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դիմեց իրավապահ մարմիններին՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշ դեպքերի առնչությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը թեմային անդրադարձավ ԱԺ ամբիոնից:
«Ես դեմ եմ այն տրամաբանությանը, որը հաճախ փորձում են դնել նման քայլերի մեջ, այն է՝ խափանման միջոցի մասով հնարավորություն տալ քննիչին կալանքն օգտագործել: Ես դիմում եմ մեր քննչական մարմնին, բոլոր իրավապահ մարմիններին: Եվ ուզում եմ տեղյակ պահել, որ անձամբ զբաղվելու եմ և հետևելու եմ այն դեպքերին, երբ մարդուն ուղղակի բռնեն, տանեն, նստեցնեն, մինչև նա ինչ–որ բան ինչ–որ տեղից գրի, պատմի: Այդպես մեր աշխատակազմի կեսը կարող է աշխատել իրավաբան և իրավապահ մարմին: Այդպես չեն աշխատում: Այդ պրակտիկան՝ մարդուն տանել, գցել բանտ, ինչ–որ ձևով ինչ–որ մի բան կորզել նրանից, դրա վրա կառուցել քրեական գործ, արատավոր գործառույթ է: Դա պետք վերացվի»,–ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահը նաև կոչ արեց դատավորներին, հորդորեց նման գործերով չբավարարել միջնորդությունները՝ անկախ նրանից, թե դա ում է վերաբերվում: «Եթե տեսնում եք, որ դա արվում է նրա համար, որ քննիչն ուղղակի երեք գործողություն քիչ անի, բայց ունենա մի փաստաթուղթ, որտեղ մարդն ինքն իր վրա ցուցմունք է տալիս, մի արեք»,–նշեց նա:
Սիմոնյանը կրկին դիմեց բոլոր իրավապահ մարմիններին և հորդորեց չանել նման բան՝ շեշտելով, որ բարձրաձայնելու, խոսելու է այդ մասին: