Գումարը շուրջ մեկ տարի գտնվել է ՔԿ շենքում․ ՀԿԿ-ն՝ 590 000 դոլար գողության մասին

Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590 000 դոլար հափշտակելու գործով ձերբակալվածների մասին:

Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում նշվում է, որ ՔԿ-ում որպես իրեղեն ապացույց պահվող գումարը շուրջ մեկ տարի գտնվել է կոմիտեի շենքում։ Նաև հայտնում են, որ գողությունը կազմակերպել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը:

«Գողությունը կատարել է Էդգար Գրիգորյանը, ով մեղադրյալ է մեկ այլ աղմկահարույց գործով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության շենք մուտք գործելու, գույք ոչնչացնելու համար։ Այս գործով Գրիգորյանն, ըստ մեղադրանքի, երկու անգամ է մուտք գործել ՔԿ շենք տարբեր օրերի»,- ասվում է ռեպորտաժում։

Ըստ իրավապահների՝ մեղադրյալը ՔԿ է մտել սիլիկոնե դիմակով, ակնոցով, ձեռքին՝ սև պայուսակ։ Նա շենք մուտք գործելիս օգտվել է նախապես կրկօրինակած անցաքարտից, որն, ըստ մեղադրանքի, նրան տվել է ՔԿ պաշտոնյան։ Պաշտոնյան Գրիգորյանին է տվել նաև այն քննիչի աշխատասենյակի ու պահարանի բանալիները, որտեղ գտնվել է իրեղեն ապացույց գումարը։

ՀԿԿ-ի տվյալներով՝ հանցագործը հափշտակված գումարը բաժանել է տարբեր մասերի՝ այն փոխանցելով տարբեր մարդկանց։

Նշվում է նաև, որ քննության առարկա է գումարը Կենտրոնական բանկին կամ այլ վարկային կազմակերպությանը պահպանության չհանձնելու հանգամանքը։

Մայիսի 21-ին ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից հափշտակել էին որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 դոլար։

Մայիսի 22-ին հափշտակելու դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել, մայիսի 24-ին իրավապահները տեղեկացրել էին ձերբակալությունների և գումարի մեծ մասը հայտնաբերելու մասին։ Գործով որպես մեղադրյալ ներգրավված 2 անձի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։

Leave a Comment