Հունգարիայի խորհրդարանն ընդունել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին օրենքը

Քաղաքականություն

20.05.2025 | 13:23

Հունգարիայի խորհրդարանը երեքշաբթի հաստատել է օրինագիծը, որը նախատեսում է սկսել երկիրը Միջազգային քրեական դատարանից դուրս բերելու մեկամյա գործընթաց։ Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին օրինագիծն ընդունվել է ձայների 134 կողմ և 37 դեմ հարաբերակցությամբ։

Վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունն այս քայլի մասին հայտարարել էր ապրիլի 3-ին՝ Իսրայելի առաջնորդ Բենիամին Նեթանյահուի՝ պետական այցով Հունգարիա ժամանելուց կարճ ժամանակ անց, որը հազվադեպ արտասահմանյան ուղևորություն էր՝ ի հեճուկս Միջազգային քրեական դատարանի ձերբակալման օրդերի՝ Գազայում ռազմական հանցագործությունների համար։ Միջազգային քրեական դատարանի անդամ պետությունների ասամբլեայի նախագահությունը մտահոգություն էր հայտնել այս քայլի կապակցությամբ։

Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է ավելի քան երկու տասնամյակ առաջ՝ պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության մեջ մեղադրվողներին հետապնդելու համար։

Օրբանն անցյալ ամիս ասել էր, որ Միջազգային քրեական դատարանն «այլևս անաչառ, օրենքի գերակայության դատարան չէ, այլ քաղաքական դատարան է»։ Հունգարիան մերժել է Իսրայելի վարչապետին ձերբակալելու գաղափարը՝ օրդերն անվանելով «անամոթ»։

Բուդապեշտը Միջազգային քրեական դատարանի հիմնադիր անդամ է և դրա հիմնադիր փաստաթուղթը վավերացրել է 2001 թվականին:

«Հունգարիան կտրականապես մերժում է միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, քրեական դատարանների՝ որպես քաղաքական ազդեցության գործիքների օգտագործումը»,- ասվում է խորհրդարանի կայքում փոխվարչապետ Ժոլտ Սեմյենի կողմից ներկայացված օրինագծի մեջ։

Նեթանյահուն Հունգարիայի՝ Միջազգային քրեական դատարանից դուրս գալու որոշումն անվանել է «համարձակ և սկզբունքային որոշում»։

ՄՔԴ-ից երկրի դուրս գալը ուժի մեջ է մտնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից որոշման մասին գրավոր ծանուցումը ստանալուց մեկ տարի անց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment